Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատերազմ սկսելու մտադրություն ու ցանկություն չունի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Մենք համոզված ենք, որ պատերազմ չի լինի, քանի որ չենք ցանկանում պատերազմ և որևէ մեկի մոտ չլինի միտք կամ պատրանք, որ իրենք կարող են դիմակայել Իրանին՝ տարածաշրջանում»,- ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Պատրիկ Շանահանին ասել էր, թե իր երկիրն Իրանի հետ պատերազմ սկսել չի ցանկանում:
Իսկ մայիսի 15-ին ԱՄՆ-ը հայտարարել էր Իրանի կողմից սպառնալիքի նախանշանների մասին, որից հետո Բաղդադից ու Իրաքի տարբեր այլ հատվածներից հեռացվել էին ԱՄՆ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները: Տարածաշրջանին մոտեցվել էին ԱՄՆ ավիակիրներ ու ռազմական այլ տեխնիկա:
Ավելի վաղ հայտնի էր դարձելել, որ Իրանը հայտարարել էր Միջուկային համաձայնագրից մասնակի դուրս գալու մասին: Խոսքը մասնավորապես հարստացված ուրանի ու ջրի հարցերում այդ երկրի պարտավորությունների կատարման դադարեցման մասին էր։
Իրանի ղեկավարությունը համաձայնագրի անդամ երկրներին 60 օր ժամանակ էր տվել՝ նավթային և բանկային ոլորտներում բոլոր պարտավորությունները կատարելու համար ու հայտարարել, որ համաձայնագրում ներառված պարտավորությունները նորից կստանձնի այն ժամանակ, երբ այդ երկրները կատարեն իրենց բոլոր պարտավորությունները: