ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տարակուսելի է համարում, որ Արցախի ներկա և նախորդ նախագահները ներկայացան Մարտի 1-ի գործով դատավարությանը. «Չգիտեմ՝ իրենց դատարան գալը ինչ տվեց, որովհետև համոզված եմ՝ այդ միջնորդությունը որևէ էֆեկտիվ խնդիր չի լուծում արդարադատության առումով, որովհետև Հայաստանն այս դատավարության ընթացքում բացառիկ հնարավորություն ունի վերականգնելու արդարադատության նկատմամբ կորցրած հավատը»:
«Մեր երկու երկրների հարաբերություններում երբևիցե չի կարող պայթյուն լինել. թող որևէ մեկի մտքով չանցնի, որ պայթյուն կլինի, կամ մտածեն, որ կարող են պայթյուն առաջացնել: Դա անվտանգության միասնական համակարգ է: Ով որ պայթյունի մասին մտածում է՝ նա ուրեմն ախմախի մեկն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Նա ընդգծեց՝ Արցախն էլ են օգտագործել իրենց իշխանությունը պահելու համար. «Եվ այսօր բացառիկ հնարավորություն է, որպեսզի պետությունը վերականգնի իր պետականության հենասյուները: Նախաքննությունը կատարել է լիարժեք ծավալի գործ, որը առաջին էտապն է Մարտի 1-ի լիարժեք բացահայտման ճանապարհին»:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այնքան ուժեր կան, որ գիշերը քնում են մի երազանքով՝ ինչպես անել, որ Հայաստանի և Արցախի միջև պրոբլեմ լինի. «Այդ ուժերը մերժված են թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, որովհետև Հայաստանի և Արցախի ժողովուրդը գիտի, թե ինչպես է եղել այս հաղթանակների կերտման ամբողջ ընթացքը և ինչ արդյունք է տվել Հայաստանի անվտանգության համակարգի և Արցախի համար: Այսինքն՝ այստեղ ժողովրդի միասնականության խնդիր կա, որը պարզապես հնարավոր չէ քանդել»:
Մանրամասն՝ տեսանյութում: