Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

«Սրանք կիլլեր են», «սրանք մենթեր են». երկու վարկած՝ «Նորատուսցի Ալիկի» տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Արմեն Գասպարյանի, Արման Խալապյանի և Հրաչյա Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը սկսվել է 2016 թվականի հուլիսից, իսկ դատավճիռ կայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին:

Դեպքը տեղի է ունեցել «Նորատուսցի Ալիկի»՝ Ալիկ Բանդուրյանի մոր անունով Երևանում գտնվող տան մոտ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին:

Այս գործով ամբաստանյալներից՝ «Բդո» մականունով Արմեն Գասպարյանը ամբաստանյալ է նաև «Նորատուսցի Ալիկի» ու «Չարբախցի Գեղամի»՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված «ռազբորկայի» գործով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում «Նորատուսցի Ալիկի» մտերիմներ «Բդո» մականունով Արմեն Գասպարյանը, «Տարզան» մականունով Արման Խալապյանը, ինչպես նաև ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատակից Հրաչյա Հակոբյանը, որ պայմանագրային կարգով ծառայություն էր իրականացնում «Նորատուսցի Ալիկի» մոր անունով գրանցված «Եվրոպա» ընկերությունում, Երևանի Շահումյան փողոցում՝ վերոհիշյալ տան մոտ, մոտեցել են այնտեղ կայանված մեքենայի մեջ գտնվող ոստիկանության աշխատակիցներ Դավիթ Ա.-ին, Սուրեն Գ.-ին ու Անդրանիկ Ե.-ին: Հետաքրքրվել են, թե նրանց մեքենան ի՞նչ նպատակով է կայանված Ալիկ Բանդուրյանի տան մոտ:

«Օպել» մեքենայի մեջ գտնվողները, ըստ առաջադրված մեղադրանքի, «ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ՝ ցույց տալով վկայականները, և հայտնել են, որ տարածքում ծառայություն են իրականացնում»:

Նշենք, որ այս հանգամանքը այլ կերպ է ներկայացվում ամբաստանյալների կողմից. նրանք պնդում են, որ հիշյալ տան մոտ կայանված մեքենայում գտնվողները չեն ներկայացել որպես ոստիկաններ, վկայականներ ցույց չեն տվել, եղել են քաղաքացիական հագուստով, մեքենան եղել է առանց տարբերանշանների…

Ըստ մեղադրանքի՝ «հավաստիանալով, որ մեքենայում գտնվողները ոստիկաններ են, և անտեսելով այդ հանգամանքը» Արմեն Գասպարյանը իր մոտ ապօրինի գտնվող «Սայգա ՄԿ» 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի գործադրմամբ, Արման Խալապյանի հետ, Հրաչյա Հակոբյանի օժանդակությամբ իշխանության ներկայացուցիչ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել է առողջության համար վտանգավոր բռնություն՝ ձեռքերով ու ոտքերով , ինչպես նաև ինքնաձիգի խզակոթով հարվածներ է հասցրել նրանց՝ Անդրանիկ Ե.-ի առողջությանը պատճառելով թեթև վնաս, իսկ մյուս երկու տուժողների առողջությանը՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակ տուժող Դավիթ Ա.-ի կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, սակայն Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը չեն ենթարկվել ծեծը դադարեցնելու և զենքը վայր դնելու օրինական պահանջներին, շարունակել են ծառայական պարտականություններ կատարող ոստիկաններին դիմադրություն ցույց տալ, որը, ըստ մեղադրանքի, «կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ հնարքներ կիրառելու արդյունքում»:

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Հակոբյանը, օժանդակելով Արմեն Գասպարյանին ու Արման Խալապյանին, վերցրել է հեռախոսակապի միջոցով օժանդակ ուժեր կանչելու փորձ կատարող Անդրանիկ Ե.-ի բջջային հեռախոսը, գցել է գետնին, նրան զրկել է օգնություն կանչելու հնարավորությունից:

Արման Խալապյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, Արման Գասպարյանին՝ 316 հոդվածի 2-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով, իսկ Հրաչյա Հակոբյանին՝ 38-316 հոդվածի 2-րդ մասով: Երեք ամբաստանյալները, որ գտնվել են նախնական կալանքի տակ, վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ազատ են արձակվել գրավով:

Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 239 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև Կարեն Խաչատրյանին: Վերջինիս էր պատկանում՝ նրա անունով էր հաշվառված դեպքի պահին Արմեն Գասպարյանի մոտ գտնվող, փամփուշտներով լիցքավորված «Սայգա» որսորդական ակոսափող ինքնաձիգը: Խաչատրյանը մեղադրվում էր իրեն պատկանող զենքը դեպքից օրեր առաջ Արմեն Գասպարյանին հանձնելու, զենքը պատշաճ չպահելու համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքի:

Առաջին ատյանի դատարանը հաստատված է գնահատել, որ Կարեն Խաչատրյանը 2015 թվականի սեպտեմբերի կեսին որսի գնալու նպատակով հանդիպել է ընկերոջը՝ Արման Գասպարյանին, վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, որսի չեն գնացել, բայց Խաչատրյանը որսորդական հրացանը թողել է Արմեն Գասպարյանի մոտ՝ նրա փաստացի բնակության վայրում:

2015 թվականի սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հաստատած գրաֆիկով նույն բաժնի օպերլիազորներ Դավիթ Ա.-ն, Սուրեն Գ.-ն ու Անդրանիկ Ե.-ն, վերջինիս «Օպել» մեքենայով օպերատիվ ծառայություն են իրականացրել բաժնի կողմից սպասարկվող տարածքներում: Մեքենան կայանված է եղել այն փողոցի հատվածում, որտեղ գտնվում է «Նորատուսցի Ալիկի» մոր անունով հաշվառված տունը:

Ալիկ Բանդուրյանի մտերիմներ Արմեն Գասպարյանը, Արման Խալապյանը մոտեցել են կայանված «Օպել» մեքենային՝ պարզելու այդ վայրում գտնվելու նպատակը: Արմեն Գասպարյանն իր հետ վերցրել է Կարեն Խաչատրյանի «Սայգա» որսորդական ինքնաձիգը:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը մեքենայում գտնվողներին հարցուփորձ են արել, Գասպարյանը «ձեռքի ինքնաձիգով սպառնալով՝ պահանջել է, որ նրանք մեքենայից դուրս գան: Նրանք ներկայացել են որպես ոստիկաններ, ցույց են տվել վկայականները, հայտնել են, թե տարածքում ծառայություն են իրականացնում: Գասպարյանի հանձնարարությամբ Խալապյանը զննել է մեքենան, բեռնախցիկում տեսել է ոստիկանական համազգեստի գլխարկ, վկայականի համար նախատեսված՝ համազգեստով լուսանկարներ, այցեքարտեր, ոստիկանական ձևաթղթեր:

Անդրանիկ Ե.-ն փորձել է թույլ չտալ, որ մեքենան զննեն, ինչի պատճառով վիճաբանություն ու քաշքշուկ է առաջացել, Գասպարյանն ու Խալապյանը Անդրանիկ Ե.-ի առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել՝ ձեռքերով, ոտքերով, ինքնաձիգի խզակոթով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս: Խալապյանը ձեռքով հարվածել է միջամտելու փորձ կատարող Սուրեն Գ.-ի դեմքին: Գասպարյանն ու Խալապյանը հարվածել են նաև միջամտելու փորձ կատարող Դավիթ Ա.-ին: Միջադեպը կանխվել է Դավիթ Ա.-ի կողմից կատարված հեռախոսազանգի արդյունքում դեպքի վայր ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից»:

Երեք ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանք իրադարձությունները այլ կերպ են նկարագրել: Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը հայտնել են, թե դեպքի օրը Ալիկ Բանդուրյանի մորը նրա ղեկավարած «Եվրոպա» ընկերությունից նրա մեքենայով տուն են ուղեկցել: Ընկերության գրասենյակում որոշ թղթեր էին մոռացել, զանգել են ընկերության անվտանգությունն ապահովող, ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատակից Հրաչյա Հակոբյանին, ասել են, որ այդ թղթերը տուն բերի:

Երբ հասել են Շահումյան փողոցում գտնվող տան մոտ, ոչ հեռու կայանված տեսել են «Օպել» մեքենա: Նկատել են, որ վարորդի կողքին նստածը, իրենց տեսնելով, գլուխն իջեցրել ու փորձել է թաքնվել:
Արմեն Գասպարյանը Խալապյանին առաջարկել է մոտենալ ու պարզել, թե ովքեր են մեքենայի մեջ, ինչ նպատակով են մեքենան կայանել այդ տարածքում: Խալապյանի հարցին վարորդը պատասխանել է, թե ցանկանում են այդտեղ հողատարածք գնել: Նա ցույց է տվել Ալիկ Բանդուրյանի մորը պատկանող կիսակառույց տունը: Գասպարյանն ու Խալապյանը տեղյակ լինելով, որ այդտեղ հողատարածք չի վաճառվում, պահանջել են, որ մեքենայում գտնվողները դուրս գան մեքենայից: Այդ պահին տեսել են ոստիկանության աշխատող Հրաչյա Հակոբյանին, ով դուրս էր գալիս Ալիկ Բանդուրյանի մոր տանից, նրան կանչել են, որպեսզի նա, որպես ոտիկանության աշխատող, պարզի, թե մեքենայում գտնվողներն ովքեր են:

Վերջիններս Հրաչյային էլ նույն պատասխանն են տվել: Արմեն Գասպարյանը բացել է դուռն ու հետևի նստատեղին նստածին առաջարկել է դուրս գալ: Երբ այդ անձն իջել է մեքենայից, Գասպարյանը նրա կողքին նկատել է ատրճանակը ու գոռացել է. «Սրանք կիլլեր են»: Խալապյանը բռնել է այդ անձի ձեռքը, որ նա չկարողանա ատրճանակը հանել: Այդ ժամանակ տարածքում հայտնվել են այլ մեքենաներ, որոնցից իջել են հինգ հոգի ու ներկայացել են որպես ոստիկաններ: Քրեական հետախուզության պետ ներկայացած անձը վկայական է ցույց տվել: Ըստ ամբաստանյալների՝ իրենք անմիջապես ենթարկվել են ժամանած ոստիկանների պահանջին, Գասպարյանը հանձնել է մոտը եղած ինքնաձիգը, նստել են նրանց մեքենան ու բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Միայն բաժնում են իմացել, որ «Օպելի» մեջ նստած երեք հոգին ոստիկաններ էին:

Ամբաստանյալները պնդել են, որ «Օպելը» չեն զննել, ոստիկանական գլխարկ, լուսանկարներ ու այլ փաստաթղթեր չեն գտել, ոչ մեկին չեն հարվածել, միայն հետևի նստատեղին նստածի հետ փոխադարձ քաշքշուկ է առաջացել…

Տուժող ոստիկանների վարկածով՝ հիշյալ տարածքում դեպքի օրն իրենք օպերատիվ-հետախուզական ծառայություն էին իրականացնում՝ ըստ գրաֆիկի: Երբ գտնվել են մեքենայի մեջ, վարորդի կողմի դուռը բացել է «Տարզան» մականունով Արման Խալապյանը, պահանջել է իջնել մեքենայից: Իրենք իջել են, տեսել են ևս երկու անձի, որոնցից «Բդո» մականունով Արմեն Գասպարյանի ձեռքին ինքնաձիգ կար: Իրենք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, ցույց են տվել վկայական, ասել են, թե ծառայություն են իրականացնում:

Խալապյանն ուսումնասիրել է վկայականները, ասել է, թե դրանք կեղծ են: Գասպարյանի պահանջով նա զննել է մեքենան, իրենք փորձել են թույլ չտալ, բայց Գասպարյանը սպառնացել ինքնաձիգով:

Խալապյանը բեռնախցիկից հանել է ոստիկանության համազգեստի գլխարկ ու քմծիծաղով ասել է. «Սրանք մենթ են»: Նա գլխարկը գցել է գետնին: Բեռնախցիկից հանել է նաև այցեքարտեր, արձանագրությունների ձևաթղթեր, ոստիկանի համազգեստով լուսանկարներ: Իրենցից պահանջել են պառկել գետնին:

Ինքնաձիգը ձեռքին Գասպարյանը զանգել է ինչ-որ մեկին ու ասել է՝ սրանք մենթեր են: Նրա խոսելուց հասկացել են, որ իրենց ուզում են տանել «բեսեդկա», որը տանից մոտ 100 մետր հեռու էր: Իրենք դիմադրել են, վիճաբանություն է սկսվել, նրանք հարվածներ են հասցրել իրենց: Անդրանիկ Ե.-ն փորձել է զանգել բաժին և օժանդակ ուժեր կանչել, բայց Հրաչյա Հակոբյանը նրա ձեռքին հարվածել, հեռախոսը գցել է գետնին…

Ոստիկանները նշել են, որ իրենց զենքը չեն հանել, որպեսզի «արյունահեղություն չլինի»: Դավիթ Ա.-ն կարողացել զանգել բաժին, օգնություն խնդրել, եկել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատողները, նրանց օգնությամբ հաջողվել է դադարեցնել երեք քաղաքացիների դիմադրությունն ու նրանց բերման ենթարկել բաժին:

Առաջին ատյանի դատարանը հաստատված է գնահատել Արման Խալապյանին, Արմեն Գասպարյանին ու Կարեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները:

Արման Խալապյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման, Արմեն Գասպարյանը՝ 6 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման: Նրանց պատժի սկիզբը կհաշվվի փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Կարեն Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Հրաչյա Հակոբյանին առաջին ատյանի դատարանն արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Արման Խալապյանի ու Արմեն Գասպարյանի շահերի պաշտպանները և մեղադրող դատախազը:

Դատախազը բողոք է բերել Հրաչյա Հակոբյանի արդարացման մասով՝ պահանջելով նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել համաչափ պատժի:

Արման Խալապյանի ու Արմեն Գասպարյանի շահերի պաշտպանները պահանջել են իրենց պաշտպանյալներին արդարացնել ու դադարեցնել նրանց քրեական հետապնդումը: Ապօրինի զենք կրելու մասով Արմեն Գասպարյանի նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը, այդ մասով վարույթը կարճել:

Դատական այս նիստում վերաքննիչ բողոքը ներկայացրեց ամբաստանյալ Արման Խալապյանը: Նա ներկայացրեց միջադեպի իրենց վարկածը, նշեց, որ համաձայն չէ դատավճռի հետ:

Խալապյանը նշեց, որ ինքը Ալիկ Բանդուրյանի ընտանիքին հարազատ մարդ է, նրանց տան մոտ «անսովոր« մեքենա տեսնելով՝ անհանգստացել է: Արմենն ասել է, թե մեքենայի մեջ մեկը «պախկվում ա»: Իր հարցին մեքենայում գտնվողներն ասել են, թե հողամաս ու տուն են ուզում առնել, ինքը հարցրել է՝ ո՞վ ա ասել, որ էս հողամասը ծախվում ա: Հետևի նստատեղին նստածի կողքին Արմենը զենք է տեսել, ասել է՝ սրանք կիլլեր են: Մեքենայից երկու հոգի իջել են, «բրթբրթոց է գնացել», ինքը զենք ունեցողի ձեռքը անմիջապես բռնել է, որ ձեռքը զենքին չտանի: «Շոֆերին» ասել է՝ էս երկուսն էլ նույն մարդու տունն են, ոչ մեկը չի ծախվում: Այդ ընթացքում երեք մեքենա է մոտեցել, մարդիկ են իջել, մեկը ներկայացել է որպես քրեական պետ, վկայական է ցույց տվել, մեքենայի լույսի տակ իրենք նայել են վկայականը, համոզվել են, որ ոստիկաններ են, իրենց բերման են ենթարկել…

«Ինչ էղել ա՝ էն եմ ասում»,- նշեց Արման Խալապյանը: Նա պնդեց, որ իրենք «Օպել» մեքենան չեն զննել, ոստիկանական համազգեստի գլխարկ ու փաստաթղթեր չեն գտել բեռնախցից: Որ «Օպելում» գտնվող երեքը ոստիկաններ են, իմացել են ոստիկանության բաժնում, դեպքի վայրում նրանք չեն ներկայացել, վկայական ցույց չեն տվել: «Ոստիկանները էդ ձևի խոսակցություն իրենց թույլ չէին տա, ոստիկանին ոչ բնորոշ էին խոսում»,- ասաց Խալապյանը՝ հիշատակելով, թե «Օպելում» գտնվողները իրենց ոչ թե ասել են, թե ոստիկան են, այլ ասել են՝ ձեր այսինչ ախպոր ախպերներն ենք…

Քանի որ Խալապյանը իր ելույթից առաջ ասել էր, թե կարդալ-գրել չգիտի, դատարանի հարցին՝ 32 տարեկանում այդ աստիճան անգրագետ լինելով՝ ինչպե՞ս է տարբերել՝ ոստիկանին բնորո՞շ էին խոսում, թե՞ ոչ բնորոշ, Խալապյանը պատասխանեց. «Ես կյանքն եմ շատ լավ հասկանում… Ասում էին՝ տուն ենք առնում, բայց էդտեղ տուն չէր վաճառվում…»:

Խալապյանը նշեց, որ Արմեն Գասպարյանի ձեռքի զենքը տեսել է այն ժամանակ, երբ նա զենքը հանձնել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին, նա ասաց, թե Գասպարյանն այդ զենքով «Օպելում» գտնվողներին չի սպառնացել:

Արման Խալապյանը պնդեց իր մասով վերաքննիչ բողոքն ու արդարացում պահանջեց:

Ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանի մասով դատախազի բերած բողոքի դեմ առարկություններ ներկայացրեց Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Բատիկյանը:

Նա նշեց, թե զարմացած է, որ դատախազի բողոքը վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել, քանի որ բողոքում պահպանված չեն օրենքի պահանջները: Բողոքի մեծ մասը, ըստ փաստաբանի, «արտագրություն է դատավճռից», հիմնավորումներ չկան, ճիշտ չեն ներկայացված որոշ հանգամանքներ: Ըստ պաշտպանի՝ այնպիսի տպավորություն է, որ դատախազը բողոքը բերել է միայն բողոք բերելու համար:

Պաշտպանը նշեց՝ եթե Հրաչյա Հակոբյանը տուժող Անդրանիկ Ե.-ի ձեռքին խփած ու նրա հեռախոսը գցած լիներ գետնին՝ խանգարելով օգնություն կանչելուն և օժանդակելով Գասպարյանին ու Խալապյանին, ապա հեռախոսի վրա գետնին ընկնելուց հետքեր պիտի որ լինեին, բայց հեռախոսը իրեղեն ապացույց ճանաչված չէ, համապատասխան փորձաքննություն չի կատարվել:

Հեռախոսազանգերի վերծանումներից ակնհայտ է, որ Անդրանիկ Ե.-ն է սկզբում զանգել քրեականի պետին, խոսակցությունը տևել է 57 վայրկյան, հետևաբար գործով ձեռք բերված ապացույցով հերքվել է այն հանգամանքը, թե Հրաչյան հարվածել, տուժողի ձեռքից գցել է հեռախոսն ու թույլ չի տվել, որ նա օգնություն կանչի: Անդրանիկ Ե.-ի՝ վերոհիշյալ հեռախոսազանգից հետո է մյուս տուժողը՝ Դավիթ Ա.-ն զանգել քրեական պետին: Ըստ պաշտպանի՝ գործի փաստական հանգամանքները մեղադրանքի կողմը «հարմարեցրել է» մեղադրանքին:

Գործի քննության ընթացքում չի հաստատվել մեղադրանքը, թե Հրաչյա Հակոբյանի կողմից ոստիկաններին դիմադրելու օժանդակություն է կատարվել, առաջին ատյանի դատարանը այդ մասով եկել է ճիշտ եզրահանգման:

Պաշտպան Բատիկյանը նշեց՝ «Օպելում» գտնվող ոստիկանները չեն ներկայացել որպես ոստիկան, նրանց գործողությունները կարելի է նույնիսկ ապօրինի գնահատել, գործով հիմնավոր ապացուցված չէ, որ նրանք տվյալ «անմարդաբնակ» վայրում, որտեղ ընդամենը երեք տուն կա, օպերատիվ-հետախուզական ծառայություն էին իրականացնում: Պաշտպանը ենթադրություն արեց, որ նրանք Ալիկ Բանդուրյանի մոտ կարող էին գտնվել «պրովոկացիա» անելու մտադրությամբ, բայց այդ ժամանակ «պրովոկացիան» լավ չի ստացվել, հետագայում «պրովոկացիան» հաջողվել է՝ Ալիկ Բանդուրյանը տևական ժամանակով առնվել է կալանքի տակ. պաշտպանը, ըստ երևույթին, նկատի ուներ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված «ռազբորկայի» գործը…

Պաշտպան Բատիկյանը նաև նշեց՝ ինքը հատուկ հաշվարկներ է կատարել՝ դեպքի վայրից մինչև ոստիկանության Մաշտոցի բաժին 3,8 կմ է, դեպքի վայրում գտնվողների հեռախոսազանգերից հետո Մաշտոցի բաժնից այդ ի՞նչ արագությամբ պիտի գային քրեականի աշխատողները, որ այդքան արագ տեղ հասնեին. պաշտպանը կասկած հայտնեց, որ ոստիկանության՝ օգնության հասած աշխատողները գտնվել են դեպքի վայրի մոտակայքում…

Պաշտպանը անթույլատրելի համարեց, որ դեպքի վայրում «Օպելի» մեջ գտնվողները հենց սկզբից չեն ներկայացել որպես ոստիկաններ, ցույց չեն տվել վկայականները, վկայական ցույց է տվել օգնության հասածներից՝ քրեականի պետը:

Պաշտպանն ընդգծեց՝ Հրաչյա Հակոբյանը եղել է ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատող, նա պայմանագրային կարգով «Եվրոպա» ընկերությունում իրականացրել է անձի և սեփականության պաշտպանություն, նա պաշտոնատար անձ չի եղել, պաշտոնեական հանցագործություն չի կատարել՝ ինչպես բողոքում, մեղադրանքի սահմաններից դուրս գալով՝ ակնարկել է դատախազը:

Հրաչյան, իր պարտականությունները կատարելով, մոտենալով անհայտ «Օպելին», զենք է ունեցել, բայց դեպքի պահին չի հանել իր ծառայական զենքը:

Եթե տեսել են, որ ինչ-որ անհայտ մեքենա ժամերով կանգնած է քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանի տան մոտ, նրա հարազատներն ու անվտանգության հարցերով ծառայություն կատարողը չհետաքրքրվեի՞ն՝ ովքեր են այդ մեքենայի մեջ: Ոստիկանները միանգամից կարող էին ներկայանալ, ասել, որ ծառայություն են իրականացնում, նրանց չէին խանգարի:

Պաշտպանը չապացուցված գնահատեց, որ ամբաստանյալները զննել են մեքենան, բեռնախցիկից ոստիկանական համազգեստի գլխարկ են գտել, ձևաթղթեր, լուսանկարներ՝ այդ ամենը իրեղեն ապացույց ճանաչված չէ, դեպքից հետո ոստիկանների մեքենան չի զննվել, չի արձանագրվել՝ այնտեղ ինչ է եղել: Բացի այդ՝ անթույլատրելի է, որ ոստիկանական գլխարկը բեռնախցիկում լիներ, դա անհարգալի վերաբերմունք է ոստիկանի կողմից իր համազգեստի նկատմամբ… Եթե ամբաստանյալների կողմից տուժողներից մեկը գցվել է գետնին, նրա շորերը փոշոտված, վնասված պիտի լինեին, բայց այդ հագուստը չի առգրավվել, իրեղեն ապացույց չի ճանաչվել, որ ոստիկաններին ցույց տրված դիմադրությունը հաստատող ապացույց լիներ…

Պաշտպանը հիշատակեց իր գործընկերոջ՝ Արմեն Գասպարյանի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանի բողոքի այն պնդումը, թե դեպքից հետո երեք ամբաստանյալների վրա էլ վնասվածքներ են եղել, դրա վերաբերյալ փաստաթուղթ կա, հսկող դատախազը պարտավոր էր այդ վնասվածքների վերաբերյալ քննություն պահանջել: Մի՞թե մարդու կյանքի և առողջության դեմ գործադրված բռնությունը ստորադասվում է ոստիկաններին դիմադրություն ցույց տալուն:

Պաշտպանն ասաց՝ երեք ոստիկանները դեպքի վայրում իրենց պահել են որպես «քուչի տղերք»՝ փոխանակ որպես ոստիկան ներկայանալու, նրանք ասել են՝ ձեր ախպոր ախպերն ենք…

Պաշտպանը գործով չապացուցված գնահատեց, որ դեպքի վայրում ամբաստանյալները դիմադրություն են ցույց տվել ծառայողական պարտականություններ կատարող ոստիկանության աշխատողներին, այսինքն՝ որ առկա է քրեական օրենսգրքի 316հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմ:

Պաշտպանը պնդեց՝ դատախազի բողոքը Հրաչյա Հակոբյանի մասով անհիմն է, ենթակա է մերժման, այդ մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է մնա անփոփոխ, իսկ մյուս երկու ամբաստանյալների՝ Արման Խալապյանի ու Արմեն Գասպարյանի մասով պետք է բավարարվեն պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքները, նրանք նույնպես պիտի արդարացվեն

Դատախազն իր հերթին առարկություններ ներկայացրեց պաշտպան Բատիկյանի առարկություններին՝ հիմնականում հիմնվելով տուժողների ցուցմունքների վրա, իսկ դատարանը հարց ուղղեց դատախազին՝ ինչո՞ւ պիտի դատարանը հավատա տուժողներին ու չհավատա ամբաստանյալներին, բացի տուժողների ցուցմունքներից ուրիշ ի՞նչ հիմնավոր ապացույցներ կան գործում, որոնք հաստատում են ոստիկաններին ծառայության պահին վտանգավոր դիմադրություն ցույց տալու մեղադրանքը…

Դատական հաջորդ նիստին՝ հունիսի 4-ին, դատարանը կունկնդրի կողմերի միջնորդությունները, եթե այդպիսիք լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում