«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը 2011 թվականի մայիս-հունիս ամիսներին Երևանի և Հայաստանի մարզերի 1,650 քաղաքացիների շրջանակում անցկացրել է հարցում պարզելու համար, թե ովքեր են նախագահի և վարչապետի ամենահավանական թեկնածուները, վաղաժամկետ՝ արտահերթ ընտրություններ լինելու պարագայում:
Սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ արտահերթ ընտրությունների դեպքում թե՛ նախագահի, թե՛ վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանն է: Ադիբեկյանը պարզաբանեց, որ հարցվողների միայն 32 տոկոսն է համաձայնել պատասխանել հարցերին: Նա նաև ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի անունները հարցաթերթիկում չեն ընդգրկել, որպեսզի հստակ պատկերացում լինի, թե նրանց չմասնակցելու դեպքում ինչպիսին կլինեն արտահերթ ընտրությունների արդյունքները:
Արտահերթ ընտրությունների դեպքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես նախագահի թեկնածու, երկրորդ տեղում է Ծառուկյանից հետո, իսկ որպես վարչապետի թեկնածու՝ վեցերորդ տեղում է: Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ևս նշվել է հարցվածների կողմից. որպես նախագահ՝ նա չորորորդն է՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հեետո, իսկ որպես վարչապետ՝ երկրորդը: ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը՝ որպես նախագահի թեկնածու, հինգերորդն է, իսկ որպես վարչապետ՝ չորրորդը։ ՕԵԿ առաջնորդը՝ որպես նախագահ վեցերորդն է, որպես վարչապետ՝ հինգերորդ: Ադիբեկյանը նաև նկատեց, որ այս անգամ քաղաքական էլիտան և հավանական թեկնածուները նոսրացել են: Սոցիոլոգի խոսքերով, եթե 1998 թվականին նախագահի հավանական թեկնածու դիտարկվում էր շուրջ 21 հոգի, ապա այսօր՝ ընդամենը 14, իսկ վարչապետի թեկնածուների թնվը 19 է:
Ադիբեկյանը տեղեկացրեց, որ հարցվածները, բացի նշվածներից, որպես վարչապետի թեկնածու նշել են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, Վիվա-Սել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:










































