ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մասնակցելով «Ընտրական օրենսդրություն» համաժողովին, հայտարարել է, թե որպես կանոն` Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխությունները կատարվել են ընտրությունների նախօրեին, երբ ընտրական կրքերը թեժացած են եւ ընտրական գործընթացի մասնակիցները փորձում են իրենց համար շահեկան դրույթներ ամրագրել ընտրական օրենսգրքում: «Այս առումով, թերեւս, աննախադեպ է համապետական ընտրություններից գրեթե մեկուկես-երկու տարի առաջ ընտրական օրենսդրության փոփոխություններին անդրադառնալը, մի գործընթաց սկսելը, որի մասնակիցների շրջանակը չի սահմանափակվում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերով, որին մասնակից են նաեւ միջազգային կառույցները եւ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ես կարեւորում եմ նրանց մասնակցությունը` հաշվի առնելով ընտրական գործընթացի նկատմամբ նրանց անկողմնակալությունը եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում շահագրգռվածությունը, ինչու չէ` նաեւ մասնագիտական հմտությունների առկայությունը ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման գործում»,- ասել է նա: