Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլի շրջանում ահաբեկչական հարձակման կազմակերպիչներից մեկը՝ Յուսուֆ Նազիկը դատապարտվել է 53 ցմահ ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Այս որոշումը կայացրել է Անկարայի հատուկ ծանր գործերի 9-րդ դատարանը, հաղորդում է Anadolu գործակալությունը, մայիսի 13-ին:
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցները Յուսուֆ Նազիկին ձերբակալել են Սիրիայում, 2018-ի սեպտեմբերին:
Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ սերտորեն համագործակցել է սիրիական հատուկ ծառայությունների հետ և համակարգել է ահաբեկիչների գործողությունները:
Նրա խոսքերով, ահաբեկչական հարձակման հնարավոր վայրերը վերլուծելուց հետո Սիրիայից պայթուցիկ սարք է տեղափոխվել Թուրքիա: Նազիկի հանձնարարությամբ պայթուցիկները երկու բեռնատարներով տեղափոխվել են սահմանով:
Ահաբեկչի խոսքերով, նա Ռեյհանլիի ահաբեկչական հարձակումը ծրագրել է իր «ընկերների» հետ:
2013 թ.-ի մայիսի 11-ին Ռեյհանլի քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում: Տեղի փոստային բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 53 մարդ է զոհվել: