Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

ԱՄՆ-ը չի խնդրում Հայաստանին փոխել իր կողմնորոշումը. Ռուսաստանն է առաջնորդվում «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքով

Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski) ապրիլի վերջին Թվիթերի իր միկրոբլոգում հայ-ամերիկյան հարաբերությունների մասին կատարած իր գրառումներով լուրջ քննարկումների պատճառ էր դարձել հայկական մեդիափորձագիտական տիրույթում։ Ամերիկյան հայտնի կենտրոնի փորձագետը գրել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները Թավշյա հեղափոխությունից հետո որևէ աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին։ Սթրոնսկին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Միացյալ Նահանգները հավելյալ 14 մլն դոլար է հատկացրել Հայաստանին 6 ամսվա ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը, որը նախաձեռնել է ներքին բարեփոխումների լայն գործընթաց, ունի մեզ հետ նույն ժողովրդավարական արժեքները կիսող Արևմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների աջակցության կարիքը: Բայց արդյո՞ք նշված գումարը կամ, ասենք, 20, 30, 40 միլիոնը բավարար աջակցություն է Հայաստանում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար և արդյո՞ք հարցը միայն զուտ գումարն է: Որովհետև թե՛ հայաստանյան քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, թե՛ սփյուռքահայ կառույցների ակտիվ գործինչերն ասում են, որ Հայաստանն այսօր բռնել է ժողովրդավարական զարգացման այն ուղին, որը հորդորում և ցանկանում էին տեսնել Արևմուտքի գործընկերները, բայց հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ վերաբերմունքի առանձնակի փոփոխություն, կարծես թե, չի նկատվում: Փոլ Սթրոնսկին, սակայն, համաձայն չէ այս գնահատականի հետ: Քարնեգիի գիտաշխատողը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, թե այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի վարչակազմը Հայաստան բանակցությունների է ուղարկում նման բարձրաստիճան պաշտոնյայի՝ պետքարտուղար փոխտեղակալ Ջորջ Քենթին, և Հայաստանում գումարվում է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստը, արդեն իսկ խոսուն փաստ է և որոշակի ուղերձ է իր մեջ պարունակում:

– Պարոն Սթրոնսկի, Երևանում շատ կարևոր միջոցառում անցկացվեց՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը, որի ընթացքում հայկական և ամերիկյան պատվիրակությունները քննարկել են երկկողմ համագործակցությունը ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ: Հաշվի առնելով այս ամենը՝ տեսնո՞ւմ եք արդյոք իրական հեռանկարներ՝ հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու, ինչպես ասում են՝ օգնության վրա հիմնված հարաբերությունները երկկողմ առևտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների վերափոխելու, դրանք ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար:

– Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերությունները լավ վիճակում են, դրական են, և այդպես է եղել բավական երկար ժամանակ: Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի այցը Երևան և իր ունեցած հանդիպումները շատ կարևոր են ու նշանակալի: Ես հանդիպումների մանրամասներին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ ռազմավարական երկխոսություն սկսելը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ: Միացյալ Նահանգներն ու Հայաստանը մեծ ներուժ ունեն առաջիկա ամիսներին աշխատելու միասին: Ինչպես գիտեք՝ Միացյալ Նահանգներում շատ մարդիկ կան, ոչ միայն հայկական համայնքի ներկայացուցիչները, այլև ամերիկացիները, ովքեր ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, կարծես, հակադրվում է այսօր ամբողջ աշխարհում նկատվող միտմանը՝ ժողովրդավարության հետընթացին: Մենք տեսնում ենք, որ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի հարևան երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում ավտորիտարիզմը, ընդհակառակը, ամրապնդվում է վերջին մի քանի տարիներին: Թուրքիայում քաղաքապետի ընտրությունների չեղարկման մասին որոշումը խիստ մտահոգիչ է: Հայաստանը դուրս է նման գործընթացների տրամաբանությունից, և դա շատ լավ է, դա իր հետ մեծ հնարավորություններ է բերում:

Ես գիտեմ, որ ձեր կառավարությունը հիասթափված է. նրանք կարծում են, որ Հայաստանն այն ուշադրությանը չի արժանանում Թրամփի վարչակազմից, որն իրենք ակնկալում են: Բայց իմ կարծիքով՝ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին Հայաստան ուղարկելը և ռազմավարական երկխոսություն կազմակերպելը շատ կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Ես ստիպված եմ հիշեցնել բոլորին Հայաստանում, որ Հայաստանը շատ փոքր երկիր է և շատ հեռու է Միացյալ Նահանգներից: Միացյալ Նահանգները բազում այլ խնդիրներ ունի: Դրանցից շատերը ներքին խնդիրներ են: Ինչպես Հայաստանը ունի բազում ներքին խնդիրներ, այնպես էլ Ամերիկան: Ինչ վերաբերում արտաքին քաղաքականությանը՝ այստեղ կան բազմաթիվ առաջնահերթություններ՝ Լատինական Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա: Առաջին հերթին այս տարածաշրջանների վրա են կենտրոնանում: Եվրոպայի վրա՝ ևս: Բացի այդ, կան նաև այլ առաջնահերթություններ՝ Մերձավոր Արևելք, Հեռավոր Արևելք և այլն: Այդ պատճառով Հայաստանին մեծ ուշադրություն չի դարձվում: Բայց ես կարծում եմ, որ բարեհաջող կերպով իրականացված ժողովրդավարական փոփոխությունը, դրական բարեփոխումները կբարձրացնեն Հայաստանի հեղինակությունը Միացյալ Նահանգներում: Կարևորն այն է, որ կառավարությունն է տեղյակ այդ փոփոխություններից և հետևում է զարգացումներին: Կարծում եմ՝ քաղաքական հանրությունը Վաշինգտոնում ուշադրությամբ հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, և ռազմավարական երկխոսություն սկսելն ու Ջորջ Քենթի այցելությունը շատ կարևոր քայլ է՝ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ և հասկանալու, թե ինչո՞վ և ո՞ր ոլորտում կարող է Միացյալ Նահանգներն օգնել Հայաստանին անցումային այս շրջանում:

– Հայության երևի մեծ մասը՝ թե՛ Հայաստանում և թե՛ ԱՄՆ-ում համոզված են, որ Միացյալ Նահանգներն ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերեր թե՛ հայկական խնդիրներին և թե՛ ընդհանրապես Հայաստանին, եթե Թրամփի փոխարեն այսօր նախագահ լիներ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը: Բայց Դուք ասում եք, որ չնայած այս համոզմանը՝ նույնիսկ Թրամփի վարչակա՞զմն է որոշ քայլեր ձեռնարկում այս ուղղությամբ:

Որքան ես եմ հասկանում՝ մարդիկ Հայաստանում հիասթափված են և դժգոհ, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ ձգտում չի ցուցաբերում Հայաստանին աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով Հայաստանի չափերը և հեռավորությունը՝ Միացյալ Նահանգները բավարար ուշադրություն դարձնում է: Հայաստանը փոքր երկիր է, իսկ Միացյալ Նահանգները միջազգային հարաբերություններում բազում խնդիրների հետ գործ ունի՝ Հյուսիսային Կորեայից մինչև Վենեսուելա, Կուբա, Չինաստան… Եվ Հայաստանն ընդամենը մեկն է այն բազմաթիվ երկրներից, որը ստանում է ԱՄՆ կառավարության օգնությունը: ԱՄՆ-ի կողմից հատկացվող այդ օգնությունը ավելացել է վերջին մեկ տարվա ընթացքում՝ որպես արձագանք Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Այո, ես կարծում եմ՝ Միացյալ Նահանգներն իսկապես ուզում է լինել Հայաստանի գործընկերը, ուզում է օգնություն տրամադրել, բայց Հայաստանը մեկն է այն բազմաթիվ երկրներից, որոնց հետ Միացյալ Նահանգները հարաբերություններ ունի: ԱՄՆ-ը կենտրոնացած չի միայն Հայաստանի վրա:

Անձամբ ես կենտրոնանում եմ Հայաստանի վրա, քանի որ այն իմ հետազոտության ոլորտներից մեկն է: ԱՄՆ կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր պատասխանատու են Կովկասի, Արևելյան Եվրոպայի համար և զբաղվում են նաև Հայաստանի հետ կապված հարցերով: Բայց ավելի լայն շրջանակները կենտրոնացած են բազում այլ միջազգային խնդիրների վրա:

– Իհարկե, պարզ է, որ Հայաստանն ու ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանը գլխավոր առաջնահերթություններ չեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգում, բայց հետաքրքիր է հասկանալ, թե ի՞նչ տեղ է զբաղեցնում մեր տարածաշրջանը Թրամփի վարչակազմի կողմից 2017 թ. դեկտեմբերին հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ: Այս փաստաթղթում նշված է, որ օրինակ՝ Չինաստանն ու Ռուսաստանը «մրցակից ուժեր» են, Իրանը, Հյուսիսային Կորեան «թոփ սպառնալիքների» ցուցակում են: Ինչպե՞ս է Վաշինգտոնը գնահատում մեր տարածաշրջանի նշանակությունը այս համատեքստում: Հատկապես շատ հետաքրքիր են Թրամփի վարչակազմի մոտեցումները Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից: Հարավային Կովկասն ընկած է այս երկու կարևոր երկրների միջև: Այս հանգամանքն ինչ-որ կերպ ազդո՞ւմ է ԱՄՆ-ի քաղաքականության վրա:

– Չեմ կարծում, որ ճիշտ կլինի գնահատել արտաքին քաղաքական մոտեցումները ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի հիման վրա: Պարտադիր չէ, որ ռազմավարական փաստաթղթում նշված մոտեցումները համընկնեն այն բանի հետ, թե ինչպես է իրականում քաղաքականությունն իրականացվում: Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում Հայաստանը տեղավորվում է այս ընդհանուր պատկերի մեջ, և Վաշինգտոնում հասկանում են, որ Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ազդելու է Հայաստանի վրա այն պարզ պատճառով, որ Հայաստանը Իրանի անմիջական հարևանն է: Վաշինգտոնում հասկանում են, որ Ռուսաստանի նկատմամբ իրականացող ամերիկյան քաղաքականությունը ևս ազդում է Հայաստանի վրա այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Այո, նման բաները որոշ ազդեցություն ունենում են, բայց Կովկասը, որպես առանձին տարածաշրջան, առանցքային ռազմավարական կարևորություն չունի Միացյալ Նահանգների համար: Այն կարևոր է Միացյալ Նահանգներին անհանգստացնող այլ խնդիրների հետ իր առնչության պատճառով: Եթե նայեք Թրամփի վարչակազմի ներկայացրած ռազմավարական փաստաթղթին՝ չեմ կարծում, թե Հարավային Կովկասը նշված է այնտեղ:

– Բայց այստեղ կա մեկ այլ կարևոր հանգամանք՝ Թրամփը շատ մեծ կարևորություն է տալիս Իրանի հետ կապված խնդիրներին, իսկ Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունի Իրանի հետ:

– Այո: Եվ ես կարծում եմ, որ այդ հանգամանքը կարող է տարաձայնության, հակասության պատճառ դառնալ Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերություններում: Սա պոտենցիալ խնդիր է Հայաստանի համար: Նախորդ վարչակազմերն այլ կերպ էին նայում Հայաստան-Իրան հարաբերություններին՝ քաղաքացիների փոխադարձ այցելություններին, դիվանագիտական, առևտրային հարաբերություններին, էներգետիկ համագործակցությանը և նմանատիպ այլ հարցերի: Օբամայի վարչակազմն առաջարկեց GSP ռեժիմը, որը շատ շահավետ կարող էր լինել Իրանի համար: Նույնիսկ Բուշի վարչակազը հիմնականում աչք էր փակում հայ-իրանական հարաբերությունների վրա: Բայց Թրամփի վարչակազմը շատ է տարբերվում նախորդներից, նա դուրս բերեց Միացյալ Նահանգները Իրանի միջուկային համաձայնագրից, վերականգնեց Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները ևս շատ է անհանգստացած Իրանի առնչությամբ: Եվ կարծում եմ, որ սա կարող է խնդրահարույց հարց դառնալ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, և սրա պատճառը նախագահ Թրամփն է, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի արմատական մոտեցումը Իրանին:

Ես համաձայն չեմ Իրանի հարցում Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությանը, բայց նրանք չեն լսում ինձ, ուստի Հայաստանն ու Միացյալ Նահանգները պետք է շատ զգույշ մոտենան այս հարցին: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է տարանջատել խնդիրները և ընդունել, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, դրական տնտեսական բարեփոխումների, ավելի լավ բիզնես միջավայր ձևավորելու, ավելի մեծ ծավալների ամերիկյան ներդրումների մեծ ներուժ կա: Այս ամենը շատ դրական է և խոստումնալից: Ինչ վերաբերում է Իրանին, ապա իմ կարծիքով՝ Իրանի խնդիրը կարող է առանձնացվել, բայց Թրամփի վարչակազմի օրոք Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարող են պոտենցիալ խնդիր դառնալ հայ-ամերիկյան հարաբերություններում՝ չնայած բոլոր այն դրական զարգացումներին, որոնց մասին նշվեց: Պատճառը ներկայիս նախագահի՝ Թրամփի առանձնահատուկ թշնամանքն է Իրանի հանդեպ և իր խորհրդականի շատ կոշտ դիրքորոշումը Իրանի հարցում: Ուստի Հայաստանի և Միացյալ Նահանանգների քաղաքական որոշումներ կայացնողները պետք է փորձեն միասին քննարկել, հասկանալ, թե ինչ կարելի է անել այս խնդրի հետ: Ես հույս ունեմ, որ Թրամփը չի փոխի Վաշինգտոնի ավանդական մոտեցումը հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նկատի ունենալով Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական, աշխարհագրական վիճակը, բայց նա իրեն շատ «բազեավարի» է պահում և կարծես թե, հակված է մտահոգվելու, անհանգստանալու այդ կապակցությամբ:

– Դուք շատ կարևոր հարցեր եք բարձրացրել Ձեր թվիթերյան գրառումներում՝ խոսելով Փաշինյանի հիասթափության, Միացյալ Նահանգների հատկացրած օգնության մասին: Հարցը հետևյալն է՝ հիմա, երբ Հայաստանում վերջապես իշխանության է եկել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն, և մեր երկիրն առաջ է շարժվում դեպի զարգացած ժողովրդավարություն, Միացյալ Նահանգները ինչ-որ առանձնահատուկ մոտեցում կցուցաբերի՞ Հայաստանի նկատմամբ, թե՞ եթե Հայաստանը, օրինակ, Ուկրաինայի պես երես չի թեքել Ռուսաստանից, չի փորձում վերանայել հարաբերությունը Մոսկվայի հետ, հետևաբար ամերիկյան քաղաքականությունն էլ չի փոխվի: ԱՄՆ-ի համար ավելի կարևոր են արժեքնե՞րը, թե՞ քաղաքական շահերը:

– Միացյալ Նահանգները չի խնդրում Հայաստանին փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Միացյալ Նահանգները երկար մտածել, հաշվարկել է, թե ինչպես կարող գործընկերային հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ: Հայաստանը երկար տարիներ ԱՄՆ-ի հետ մասնակցում է միջազգային խաղաղապահական առաքելություններին: Հիմա մենք համագործակցում ենք բարեփոխումների հարցերի շուրջ: Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած առաջընթացին զգալիորեն նպաստեց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, որն ամենակտիվներից էր հետխորհրդային տարածքում: Իսկ Միացյալ Նահանգները երկար տարիներ աջակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը, իր ներդրումն է ունեցել աջակցության ծրագրերի միջոցով: Ես չեմ կարծում, որ այս քաղաքականությունը փոխվել է, և կարծում եմ, որ կարևորը արժեքներն են: Ընդհանրապես Միացյալ Նահանգները ողջունում է ժողովրդավարական փոփոխությունները աշխարհում, ողջունում է այն կառավարություններին, որոնք պատասխանատու են այդ փոփոխությունների համար և խոսում են մարդկանց անունից: Ուստի ես չեմ կարծում, թե Վաշինգտոնում ակնկալում են, որ Հայաստանը կփոխի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Թրամփի վարչակազմը մեկուսացնում է երկիրը աշխարհից, դուրս է բերում միջազգային համաձայնագրերից: ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցները այդքան կարևոր չեն նախագահ Թրամփի համար: Ի տարբերություն իր նախորդների՝ նա շատ չի աջակցում ՆԱՏՕ-ին, տրանսատլանտյան հանրությանը: Ուստի չեմ կարծում, թե նա ուզում է որևէ երկրի միացնել արևմտյան ճամբարին: Միացյալ Նահանգներն, ինչպես նշեցի, ավելացրել է ֆինանսական աջակցության չափը Հայաստանին վերջին մեկ տարվա ընթացքում, և դրա պատճառը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն է: Ես համոզված եմ, որ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները ռազմավարական երկխոսության ընթացքում խոսել են դրա մասին իրենց հայ գործընկերների հետ, քննարկել են այն ուղիները, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները օգնել Հայաստանին՝ կյանքի կոչելու բարեփոխումների իր օրակարգը:

Գուցե Ռուսաստանն է իր հարաբերություններում առաջնորդվում «զրոյական ելքով խաղի»՝ «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքով, բայց Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում շատ զգույշ է գործել՝ առաջարկելով իր աջակցությունը Հայաստանին՝ առանց որևէ պահանջ ներկայացնելու: Միակ բացառությունն այն է, որ հատկացված ֆինանսական միջոցները արդյունավետորեն օգտագործվեն և ծառայեցվեն կառավարման բարելավմանը: Միացյալ Նահանգները վերջին 20-25 տարվա ընթացքում մի քանի միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել Հայաստանին, բայց երբեք պահանջ չի դրել Հայաստանի առջև՝ աշխարհաքաղաքական ինչ-որ ընտրություն կատարելու մասին: Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցներից է, և Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու Հայաստանին հանուն այն արժեքների, որոնք կարևոր են մեզ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում