Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար Հայաստանը բանակցություններում պետք է կառուցողական մասնակցություն ցուցաբերի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայկական կողմին Ադրբեջանի կոչում ասվում է, որ Հայաստանը պետք է կառուցողական մասնակցություն ցուցաբերի բանակցություններին՝ հետևելով միջազգային պարտավորություններին։
«Հրադադարի ռեժիմը ենթադրում է նաև հակամարտության գոտուց ռազմական ուժի դուրսբերումն ու բռնազավթումն ամրապնդող, ինչպես նաև հարկադրված տեղահանվածների վերադարձին խոչընդոտող գործողություններից հրաժարում»,-ասվում է հայտարարությունում։
Իսկ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար առանցքային նախապայման է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։