«Մայիսյան երկու հաղթանակ ունենք և երկու տիպի մասնակցություն: Շուշիի ազատագրման տոնը կարելի է նշել մայիսի 8-ին, հենց մայիսի 8-ին սկսվեցին բոլոր գործողությունները, Շուշիի հաղթանակը մեր անկախության դրվատալի փաստերից է, որին չենք կարող չանդրադառնալ: Եվ պատմական հաղթանակի տոնը, որն այժմ վերաարժևորվում է քաղաքակիրթ աշխարհում, այսինքն՝ ունենք խնդրահարույց տոն…»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ հավելելով, որ անընդունելի է համարում Հայաստանում Գեորգևյան ժապավեններ կրելու փաստը: «Պուտինի ներմուծած այդ ժապավենները երբ որ Հայաստանի նոր իշխանության ներկայացուցիչներն են կրում, ողջ քաղաքակիրթ աշխարհը դիտում է և հասկանում, որ, փաստորեն, Հայաստանի ներկա իշխանությունները, գոնե սիմվոլիկ, առնչվում են պուտինյան իշխանությանը: Մեր եռագույնը պետք է կրեն: Հաճելի փաստ է, որ բարեբախտաբար վարչապետը չէր կրել Գեորգևյան ժապավեն, բայց այդ ժապավենը կրելու հարցը պետք է հանգամանալից քննարկվի»:
Քաղաքագետն անդրադարձավ նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: Ռոբերտ Քոչարյանը «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ընդդիմադիր ուժերը համախմբվում են երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ ինքը մտադիր է միանալ Հայաստանի նոր իշխանությունների դեմ պայքարին, սակայն հստակ չի նշել՝ ինչ ձևաչափով: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Անուշ Սեդրակյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ մարդիկ մեզ սպառնում են փողոցով, մոռանալով, որ այդ ուժերը երբևէ հանրային աջակցությամբ չեն եկել իշխանության:
Վստահ եղեք, երբ որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է հզոր ընդդիմության մասին, նա հույսը չի դնում հասարակական լայն զանգվածների վրա: Տարբեր հարթություններում են խոսում Ն. Փաշինյանը և Ռ. Քոչարյանը: Ն. Փաշինյանը, ցավոք, Ռ. Քոչարյանին ընկալում է իր հարթության վրա, ինչը սխալ է: Ռ. Քոչարյանը, հզոր ընդդիմություն ասելով, մտադիր է համախմբել այն մարդկանց, ովքեր դժգոհ են: Մենք այդ աղերսները տեսնում ենք. ՀՅԴ-ն է նոր կառույց ստեղծում և իր թեզիսներն առաջ քաշում, ԲՀԿ- է առաջ քաշում իր դժգոհությունները, Վ. Մանուկյանն է ակումբ բացում, և ՀՀԿ-ն է, որ մարգինալիզացված է բոլոր գործընթացներում:
Պետք է ունենալ ցենտրիստական ուժ և այդ ուժը քաշել իր կողմը: Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման աջերի ցենտրիստական կղզյակ ձևավորի: Հայաստանում հիմա ճոճանակ է, մի կողմում միջնադարն է, մյուս կողմում՝ պոստմոդեռնը, իսկ այդպես պետություն չի կառուցվում»:
Մանրամասն՝ տեսանյութում: