PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը՝ Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպապատերը երեսպատելու վերաբերյալ հայտնել է, որ դեռ ս.թ. մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ առաջարկվում էր այդ գաղափարը և միջոցներ տրամադրողի՝ Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով՝ վարչությունը նման թույլտվություն չի տվել, որովհետև «այն թույլատրման ենթակա չէ, քանի որ վնասում է պատմական միջավայրը»:
Ս.Սարգսյանը նաև նշել է, որ վարչությունը զբաղվում է այդ հարցի կարգավորմամբ, որովհետև երեսպատումն անօրինական է արվում: Սարգսյանի կարծիքով պատերի երեսպատումը կարող է խոչնդոտ հանդիսանալ նաև համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի գնահատման իր չափանիշները և նման երևույթները չեն մտնում այդ չափորոշիչների մեջ:
Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպապատերի երեսպատման մասին աղմուկը սկսել է Facebook սոցիալական ցանցում այդ գործընթացը փաստող նկարների տեղադրումից հետո և տարածվել է բլոգերների շրջանակներում: Այն մտահոգ շրջանակներում արժանացել է բազմաթիվ դժգոհությունների և բացասական կարծիքների:








































