Ուկրաինայում իշխանափոխությունից հետո պետանվտանգության աշխատակիցները փորձել են բռնել իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչին, սակայն կորցրել նրան Սևաստոպոլում: Այս մասին, ինչպես փոխանցում է Interfax-ը, հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության նոր ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն:
Նալիվայչենկոյի խոսքով՝ Յանուկովիչին բռնելու օպերացիան սկսվել էր փետրվարի 24-ի գիշերը: Դրա շրջանակում մասնավորապես արգելափակվել էր Սևաստոպոլի մոտ գտնվող «Բելբեկ» օդանավակայանը:
Նրա խոսքով՝ կալանավորելու պատրաստ խմբերը պատրաստ են եղել ըստ օրենքի իրազեկելու Յանուկովիչին գլխավոր դատախազության և դատարանի որոշումների մասին: Սակայն Յանուկովիչին հաջողվեց լքել Ուկրաինան: Թե դա ինչպես է տեղի ունեցել, Նալիվայչենկոն բացատրել չկարողացավ:
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ ուժայինները զերծ են մնացել Սևաստոպոլում Յանուկովիչին հետապնդելուց՝ խուսափելու ուժային հակամարտության սադրանքներից և օտարերկրյա պետության ուժերի միջամտությունից:









































