Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ընտանիքդ մեղք ա, կվերացնեմ…». նոր մանրամասներ՝ բանկի վրա ավազակային հարձակում գործած ու 2 մարդու սպանած գնդապետի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը ծրագրել է հանցավոր արարքի կատարումը և 2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում,  դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության  «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և  «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:

Իր հանցավոր մտադրության  իրականացման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված՝ Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է բանկի մասնաճյուղում ծառայողական գործունեություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:

Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին:

Չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը,  պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Մկրտչյանը ակտիվորեն դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:

Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ  դոլար:

Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և առանձնապես խոշոր չափերի  ողջ գումարը՝  79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, Դանիել Դանիելյանի պահանջով լցրել է վերջինիս   կողմից տրամադրված ուսապարկի ու պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից  ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան:  Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացել էին, ու կրակոցներ չեն արձակվել:

Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի   քաղաքացիների  օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ դրանցից ոչ հեռու վնասազերծողների կողմից անշարժացվել, ձեռնաշղթայվել ու մայթին պառկեցվել է Դանիելյանը:

Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:

Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:

Դատարանը հարցաքննեց ևս երկու վկաների՝ երկուսն էլ բանկի տվյալ մասնաճյուղի աշխատողներ: Վկա Մարիամ Մ.-ն, գտնվելով մասնաճյուղի երկրորդ հարկում, հարձակման պահին մի քանի աշխատողների հետ կարողացել է աննկատ հեռանալ հետնադռնով: Վկան նշեց, որ լսել է կրակոց ու դրան հետևել է ցավի ուժեղ գոռոց:

Մյուս վկան՝ Արթուր Հ.-ն, հարձակման պահին գտնվել է իր աշխատատեղում՝ մասնաճյուղի առաջին հարկում, եղել է ընդունարանում: Մի հաճախորդ խնդրել է իրեն արտահերթ սպասարկել: Վկան  մոտեցել է դրամարկղային բաժնին, այդ ժամանակ պայթյունի նման ուժեղ ձայն է լսվել, գովազդային վահանակի դետալ  է վերևից ընկել հաճախորդներից  մեկի գլխին:Այնուհետև վկան տեսել է հարձակում կատարող անձին, ում դեմքը փակ էր, հնարավոր է, որ նա ակնոց էր կրում: Վկան ևս չորս աշխատակցի հետ կարողացել է աննկատ իջնել նկուղ ու թաքնվել այնտեղ: Դուրս են եկել, երբ ձայներից հասկացել են, որ ամեն բան ավարտվել է: Թաքստոցից դուրս գալիս վկան տեսել է անվտանգության աշխատող Խաչիկին՝ հատակին պառկած. «Նրա վրա կրակված էր, նա, երևի ողջ չէր»,- ասաց վկան:

Վկան իմացել է, որ վնասվածք է ստացել նաև անվտանգության երկրորդ աշխատակից Արամը: Վկան նկուղից դուրս գալով՝ ներսում գտնվողներին առաջարկել է դուրս գալ, ինքն էլ է դուրս եկել: Նրան շրջապատել են հարազատները, ովքեր իմանալով հարձակման մասին, անմիջապես հասել էին մասնաճյուղի մոտ: Հարազատները հարցեր են տվել վկային, նա չի նկատել, թե ինչ է կատարվում շուրջը:

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ գործով դատակոչված է 36 վկա, դատարանը հարցաքննել է 31-ին: Մյուսների վերաբերյալ կայացվել են բերման ենթարկելու որոշումներ, սակայն երեք դեպքում ոստիկանների առաջ դուռ չի բացվել, երկուսի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացվել:

Դատարանը, կողմերին լսելով ու հաշվի առնելով, որ արդեն բազմիցս կայացվել են հիշյալ վկաներին բերման ենթարկելու որոշումներ, սակայն դրանք չեն կատարվել տարբեր պատճառներով, որոշեց հրապարակել մնացած վկաների նախաքննական ցուցմունքները՝ արձանագրելով, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները տվյալ վկաներին դատարան ներկայացնելու, հարցաքննելու համար, սակայն այդ միջոցներն արդյունք չեն տվել:

Վկա Դիանա Ս.-ն՝ բանկի աշխատակցուհի, հարձակման պահին գտնվել է իր աշխատատեղում՝ մասնաճյուղի երկրորդ հարկում: Պայթյունի ձայն է լսել, առաստաղից ինչ-որ բաներ են ընկել: Վկան վերևից նայել է մասնաճյուղի սպասասրահ ու տեսել է մեծ հրացանով մի տղամարդու, որը կանգնած էր հաճախորդի կողքին: Ըստ վկայի նկարագրության՝  դա 45-50  տարեկան տղամարդ էր՝  «լիքոտ» մարմնակազմությամբ, մազերը՝ սպիտակած ու նոսր:

Այդ տղամարդը գոռացել է. «Ինձ պետք են բանկի փողերը, բոլորդ պառկեք»: Սպասարահում գտնվողները պառկել են հատակին: Վկան գործընկերուհու հետ մտել է սենյակներից մեկը, որտեղից  բանկի աշխատակից Արմեն Խաչատրյանի առաջնորդությամբ մի քանի աշխատողներով իջել են նկուղ և թաքնվել են մինչև հարձակման ավարտը: Նկուղ իջնելու ժամանակ լսել են կրակոցներ: Նկուղում մնացել են մոտ 15 րոպե:

Վկա Արփինե Մ.-ն դեպքի պահին մասնաճյուղի երկրորդ հարկում է եղել, հաճախորդ չի ունեցել, վերևից նայել է ներքև: Տեսել է, որ բանկ մտավ մի տղամարդ՝ դեմքին՝ մինչև աչքերը, կանաչ բանդանա կապած: Նա մուտքից շարժվել է դեպի ձախ, մոտ երեք քայլ է արել, բարձրացրել է ձեռքի տոպրակն ու կրակել է առաստաղին, որտեղից ինչ-որ բան է պակվել ու ընկել: Վկան մի քանի աշխատողների հետ թաքնվել է հետնասենյակում, որի դուռը բացելիս միացել է ազդանշանային համակարգը: Ապա թաքնվողները դուրս են եկել հետնամուտքից: Ըստ այս վկայի նկարագրության՝ հարձակվողը եղել է մոտ 50   տարեկան, գեր, միջահասակ, մուգ սվիտերով:

Հրապարակվեց ամբաստանյալի կնոջ նախաքննական ցուցմունքը: Նա հայտնել է, որ ամուսնուն՝ Դանիել Դանիելյանին, դեպքից օրեր առաջ՝ 2018 թվականի ապրիլի 16-ին՝ Ոստիկանության տոնի կապակցությամբ պարգևատրել էին հուշամեդալով՝ բարեխիղճ աշխատանքի համար:

Կինը հայտնել է, թե Դանիելը չի ծխում արդեն 20 տարի, խմելու հետ «բացարձակ սեր չունի»՝ առիթների դեպքում 2 բաժակից ավելի չի խմում: Կինը ամուսնուն բնութագրել է որպես «սթափ, ադեկվատ, կոկիկ, մաքրասեր մարդու, սիրող ամուսնու և հոր, լավ ընկերոջ»: Աշխատակիցները, ըստ կնոջ, հարգել են ամուսնուն՝ դա կինը զգացել   է համատեղ երեկույթների ժամանակ:

Կինը հայտնել է, որ Դանիելը «լավ ընկեր է» իր համար, բոլոր ընտանեկան խնդիրները իրենք քննարկել են իրար հետ: Դանիելը ընդունակ էր ինքնուրույն որոշումներ կայացնելու, բայց կինը հիմնականում նրան դեմ չի գնացել:

Կինը նշել է, թե համոզված է՝ ամուսինը սիրուհի չի ունեցել, եղել է հավատարիմ: Ըստ կնոջ՝ իրենք տարբեր վարկեր էին վերցրել ու ամսական բանկերին վճարում էին մոտ 1500 դոլար: Միայն ամուսինն էր աշխատում, ու դժվար էր նրա աշխատավարձով այդ գումարը ամեն ամիս մարել:

Կինը հայտնել է, թե իրեն ոչինչ հայտնի չէ դեպքի մասին, ամուսինն իր հետ ոչինչ չի քննարկել, իրեն ոչինչ չի ասել: Դեպքի մասին, օգտվելով իր դատավարական իրավունքից, կինը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դեպքի օրվա մասին կինը հայտնել է, թե Դանիելն արթնացել է սովորականի նման՝ ժամը 7-ն անց 30-ին, 8-ն անց 5 րոպեին նա ծառայողական «Լեքսուսով», որը վարում էր ինքը, իրենց կրտսեր դստերը տարել է դպրոցական ավտոբուսի կանգառ: Դանիելի տրամադրությունը, ըստ կնոջ՝ սովորական էր:

Կինը միջնեկ դստեր հետ գնացել է վարսավիրանոց, ապա բժշկական կենտրոն՝ ոտքի վիրակապը փոխելու: Դուստրը գնացել է դասի:

Այդ ընթացքում Դանիելի հետ հեռախոսազրույց է եղել, ամուսինը  հարցրել է կնոջ որպիսության մասին: Կինը գնացել է կրտսեր դստերը կանգառից վերցնելու: Ժամը 13-ն անց 30-ի սահմաններում զանգել է ամուսնուն, բայց նա չի պատասխանել, ոչ էլ հետ է զանգել: Կինը մի քանի անգամ էլ է զանգել, պատասխան չի ստացել:

Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում նրանց տուն են մտել ոստիկանության աշխատողները…

Կինը հայտնել է, թե ամուսինն ունեցել է ծառայողական «Մակարով» ատրճանակ, որը վերջին շրջանում ինքը չէր տեսել: Դանիելը որսորդմիության անդամ էր, ուներ օրինական երկու հրացան, փամփուշտներ: Հրացանները պատյանների մեջ՝ դրված էին ննջարանում՝ վարագույրի հետևում: Ինքը մաքրել է սենյակը, բայց պատյանները չի բացել, չի տեսել՝ հրացանները դրանց մե՞ջ են, թե՞ ոչ: Նռնակ իրենց տանը երբեք չի տեսել: Դեպքի օրվա առավոտյան տնից դուրս եկող ամուսնու ձեռքին զենք չի տեսել…

Կնոջ ցուցմունքի հրապարակման ընթացքում ամբաստանյալ Դանիել Դանիելյանը ձեռքերով, ինչպես բանկի վրա կատարված հարձակման պահին՝ բանդանայով, փակել էր դեմքը՝ հիմնականում աչքերի հատվածը: Այնուամենայնիվ, զգացվում էր, որ կնոջ  ցուցմունքի հրապարակման պահին ամբաստանյալը հուզվել է, նույնիսկ ձեռքի աննկատ շարժումներով մաքրեց աչքերի հատվածը…

Վկա Վահան Պ.-ն հարձակման պահին գտնվել է բանկի մասնաճյուղում՝ որպես հաճախորդ: Նա կանգնած է եղել հերթում, երբ կրակոց է լսել ու գոռոց՝ բոլորը պառկեն հատակին:

Ըստ այս վկայի նկարագրության՝ սև վինչեստրով տղամարդը «լիքոտ» էր, 160-170 սմ հասակով:

Վկան, որ անմիջապես պառկել է հատակին, տեսել է, որ հետևից հրացանով մարդու վրա «թռավ» անվտանգության աշխատողի հագուստով մի տղամարդ: Հրացանով մարդը նրան տապալեց գետնին: Վկան վախից թեքվել ու չի նայել: Լսել է կրակոց, նաև՝ կես միլիոն դոլար տալու պահանջ ու հայհոյանքներ՝ հարձակվողի կողմից: Նա գոռացել է՝ եթե իր պահանջը չկատարեն, ամեն ինչ կպայթեցնի: Վկան, որ շատ վախեցած էր, պառկել է այնքան, մինչև ձայները կտրվել են: Դրսից կրակոց է լսել: Մյուսների հետ վեր է կացել հատակից, տեսել է անվտանգության մեկ ուրիշ աշխատողի, որն առանց վերանաշապիկի էր՝ նրա կրծքին արյան հետքեր կային…

Այս գործով  կարևոր վկա է Արմեն Խաչատրյանը: Նա նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե դեպքի պահին բանկի տվյալ մասնաճյուղում գործառույթների համակարգող է եղել: Մասնաճյուղի գանձարանը բացելու պարտականությունն իրենն էր: Մասնաճյուղում եղած գումարի հիմնական մասը գտնվել է չհրկիզվող պահարանում: Օրական բանկի մասնաճյուղում կարող էր լինել մինչև 500 հազար դոլար, մոտ 200 միլիոն դրամ, այլ արժույթներով գումարներ:

Հետաքրքիր է, որ բանկի մասնաճյուղից  Դանիել Դանիելյանը պահանջել է հենց… 500 հազար դոլար…

Վկա Խաչատրյանը հայտնել է, թե բանկի անվտանգությունը հսկող՝ «Արմոբիլի» ծառայողները զենք չէին կրում, միայն էլեկտրաշոկեր ունեին:

Վկան նշել է, թե դեպքից անմիջապես առաջ մասնաճյուղի կառավարիչը դուրս էր եկել ընդմիջման: Ժամը 14-ն անց 18 -ի սահմաններում վկան իր աշխատասենյակում է եղել, պայթյունի նման ձայն է լսել, վազել է երկրորդ հարկ: Այնտեղ աշխատողները վազել են նրա կողմը: Աշխատակցուհիներից՝ Դիանան, որ վերևից նայել ու տեսել էր՝ ինչ է կատարվում, ասել է. «Առաջին հարկում կրակում են, փախանք»:

Խաչատրյանը հարձակվողի համար ոչ տեսանելի ճանապարհով մի խումբ աշխատողների իջեցրել է նկուղ՝ ապահովելով նրանց անվտանգությունը: Ինքը թաքնվել է նկուղի դիմացի սենյակում:

Լսել է հարձակվողի ձայնը, որը պահանջում էր անջատել ազդանշանային համակարգը: Լսվել է անվտանգության աշխատողի ձայնը, ով ասում  էր, թե ազդանշանն ինքը չի միացրել: Հարձակվողն ասել է. «Էդ ինձ դիմադրությո՞ւն ես ցույց տալիս, անջատի սիգնալիզացիան»: Քիչ անց ազդանշանն անջատվել է: Լսվել է ևս մի կրակոց: Ձայներից վկան հասկացել է, որ հարձակվողը անվտանգության աշխատողների սենյակում է: Նա սպառնում էր բոլորին կրակել, պահանջում էր, որ թաքնված աշխատողները դուրս գան:

Վկան նշել է՝ հասկանալով, որ հարձակվողը կարող է մարդկանց վնաս տալ, ինքը դուրս է եկել թաքստոցից: Տեսել է անվտանգության աշխատող Խաչիկին, որը «անշնչացած ընկած էր»:

Վկան բարձրացել է իր աշխատասենյակ, բայց վախեցել է ներս մտնել: Այնտեղ էին հարձակվողն ու անվտանգության երկրորդ աշխատողը, որին հարձակվողը սպառնում էր՝ փողերը տուր, կգյուլլեմ: Վախենալով, որ հարձակվողը կարող է սպառնալիքը իրականացնել ու սպանել, վկա Խաչատրյանը որոշել է չհրկիզվող պահարանում եղած փողերը տալ հարձակվողին՝ մարդկանց կյանքը փրկելու համար: «Վախենալով համարձակվեցի ձեռքերս վեր պարզած՝ մտնել սենյակ, ասի՝ ի՞նչ ես ուզում, ստեղ լիքը փող կա, կտամ քեզ, բայց մարդու մի վնասի»: Խաչատրյանը նկատել է, որ անվտանգության աշխատող Արամը՝ վնասվածք ստացած, ընկած է հատակին, հարձակվողը զենքը պահել էր նրա վրա:

Երբ Խաչատրյանը ներս է մտել, հարձակվողը զենքը պահել է նրա վրա:

Ըստ Խաչատրյանի նկարագրության՝ հարձակվողը մոտ 170 սմ հասակով, լիքը, պինդ մարմնակազմությամբ տղամարդ էր, դեմքի կեսը փակված էր կտորով, հագին կանաչ բաճկոն էր: Նա ուղղել է դեմքը ծածկող կտորը, գլխի կեպկան: Խաչատրյանը բացել է չհրկիզվող պահարանը: Այդ ժամանակ անվտանգության աշխատող Արամը ոտքի է կանգնել, խնդրել է Խաչատրյանին. «Արմ, ասա, որ սիգնալիզացիան ես չեմ միացրել, կրակոցից է միացել»:

Հարձակվողը պահանջել է հատկապես 500 հազար դոլար: Խաչատրյանը չհրկիզվող պահարանում եղած ամբողջ գումարը հանել, լցրել է սեղանին: Հարձակվողը նայել է Խաչատրյանին ու սպառնացել է՝ քեզ ճանաչում եմ, ընտանիքդ մեղք ա, կվերացնեմ,  ավելորդ քայլ չանես: Նա կրկնել է, որ 500 հազար դոլար է պահանջում:

Խաչատրյանն ասել է՝ ամբողջ փողը սեղանի վրա է, բայց 500 հազար դոլար չի լինի:

Հարձակվողի ձեռքին հրացանից բացի նռնակ կար, որը նա մի քանի անգամ գցել է հատակին՝ ըստ Խաչատրյանի՝ վախեցնելու համար:

Հարձակվողը տոպրակ է տվել Խաչատրյանին ,որ նա փողերը լցնի մեջը: Փողերը տոպրակի մեջ չեն տեղավորվել, մի մասը լցրել է հարձակվողի ուսապարկի մեջ: Հարձակվողը պահանջել է, որ Խաչատրյանը զանգի բանկի գլխամաս ու ասի, թե ահազանգը կեղծ է եղել, ամեն բան նորմալ է: Խաչատրյանը զանգել է բանկի գլխավոր կառավարչին, բայց նա չի պատասխանել: Քիչ անց Խաչատրյանը խոսել է բանկի գլխամասի աշխատակցուհիներից մեկի հետ, ասել է՝ ահազանգը կեղծ է եղել, մեզ մոտ ամեն բան նորմալ է: Բայց աշխատակցուհին հասկացել է ու պատասխանել՝ ահազանգն ընդունված է, գալիս են… Հարձակվողին Խաչատրյանն ասել է, թե ամեն բան նորմալ է:

Հարձակվողը վերցրել է փողով լի տոպրակն ու պայուսակը, գնացել է դեպի մուտքը: Նա դուրս է եկել մասնաճյուղի գլխավոր մուտքից: Խաչատրյանն անմիջապես ներսից փակել է մուտքի դուռը: Դրսից կրակոց է լսվել, Խաչատրյանը զանգել է շտապօգնություն, ասել են՝ արդեն ահազանգը ստացել ենք, բժիշկները գալիս են…

Խաչատրյանը քիչ անց իմացել է, որ հարձակվողին բռնել են Գյուլբենկյան փողոցում: Նա դուրս է եկել՝ բանկի փողերը հետ բերելու: Գյուլբենկյան փողոցում՝ դեղատան դիմաց, տեսել է վնասազերծված տղամարդուն, նրա ձեռքերը շղթայել էին, դեմքը վնասված էր: Վկան նշել է. «Նրան ճանաչեցի միանգամից՝ կողքին ընկած էր զենքը, որով բանկի ներսում կրակում էր, ընկած էր նռնակը, որ ձեռքին խաղացնում էր՝ վախեցնելու համար, նույն պոլիէթիլենային տոպրակն էր ընկած, որի մեջ փողի կապոցներն էի լցրել, նույն ձայնով էր գոռում, որով գոռում էր բանկի ներսում…»:

Խաչատրյանը տեսել է վնասվածք ստացած ոստիկանի, որն ընկած էր գետնին…

Փողոցում թափված փողի կապոցները հավաքել, լցրել են տոպրակների մեջ, նորից բանկ են տարել ու հաշվել…

Դատարանը ավարտեց վկաների հարցաքննությունը:

Սկսվեց քրեական գործում առկա փաստաթղթերի ու այլ ապացույցների հետազոտումը:

Մեղադրողը սկսեց հրապարակել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները՝ դեպքի վայրի զննության արձանագրությունը, արձանագրություն՝ Դանիել Դանիելյանին բերման ենթարկելու մասին՝ նրան բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին ժամը 14-ն անց 45 րոպեին: Հրապարկվեցին Դանիել Դանիելյանի անձնական խուզարկության ու նրա բնակարանի խուզարկության արձանագրությունները, ինչպես նաև բանկի մասնաճյուղի տեսախցիկների կատարած տեսագրությունների զննության արձանագրությունը:

Հաջորդ նիստին դատարանը կշարունակի ապացույցների հետազոտումը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում