Մենք չպետք է տարբերություն դնենք հայրենական արտադրողների մեջ. չպետք է տուրք տանք այն ասեկոսեներին, որ դա առնչվում է մեր կուսակցության ղեկավարին, այլ պետք է զբաղվենք մեր խործով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը պնդում են, որ մի ամբողջ խմբակցության լծվել էր իր ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի, բիզնես շահերի պաշտպանությանը:
Նրա խոսքով, պետք է օրենսդրորեն կարգավորել բոլոր խութերը, որոնք մեր արտադրողները կհանդիպեն օրենսդրական դաշտում:
Բագրատյանը խոստովանեց, որ հարցադրումներն այնպիսին էին, որ ուղղված էին նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին, և դա էր նաև պատճառը, որ նա եկավ խորհրդարան և ելույթ ունեցավ:
«Պարոն Ծառուկյանը միայն այդ օրը չէր, որ եկավ: Այս նստաշրջանում հիմնական օրերին նա ներկա է լինում և արտառոց բան չկար, որ նա հերթական քառօրյային մասնակցում էր: Պետք չի այդտեղ մութ սենյակում կատուներ փնտրել»,-ընդգծեց Բագրատյանը: