Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսը կրկին հայտարարել է, որ այս ամռանը ցանկանում է լքել իր ակումբը: Ֆուտբոլիստի խոսքով ինքը կարոտում է իր երեխաներին և ցանկանում է նրանց կողքին լինել:
«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ «Մանչեսթեր Սիթի»-ին, որ մտադրվել եմ հեռանալ ակումբից: Ցանկանում եմ նշել, որ շատ եմ հարգում այս թիմի երկրպագուներին և սեփականատիրոջը` շեյխ Մանսուրին, ով միշտ հարգանքով է վերաբերվել ինձ:
Հուսով եմ` մարդիկ կհասկանան, որ վերջին 12 ամիսներին ծայրահեղ դժվար պայմաններում եմ ապրել. Մանչեսթերում առանց երեխաներիս ապրելն իսկապես մեծ փորձություն է ինձ համար: Ես ամեն ինչ անում եմ աղջիկներիս` Քեթիի և Ֆլորենսիայի համար: Ինձ հարկավոր է մոտ լինել և շատ ժամանակ անցկացնել նրանց հետ: Ինձ պետք է, որ նրանք երջանիկ լինեն, քանզի իմ կյանքն ամբողջությամբ դուստրերիս է նվիրված: Ինձ հարկավոր է լինել այնտեղ, որտեղ նրանք կկարողանան հարմարվել:
Ես հպարտ եմ, որ վերջին մրցաշրջանում կարողացանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերել և նվաճել Անգլիայի գավաթը: Հուսով եմ` ինձ հաջողվեց իմ լուման ներդնել «Մանչեսթեր Սիթի»-ի զարգացման գործում: Ես կասկած չունեմ, որ «Մանչեսթեր Սիթի»-ին ապագայում մեծ հաջողությունների է հասնելու»,- Տևեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: