Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Զատկի կիրակի օրն իր ուղերձում դատապարտել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առջև ելույթ ունենալով՝ Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել նաև քաղաքական գործիչներին խուսափել սպառազինման նոր մրցավազքից, և ողջունել փախստականներին, որոնք փրկություն են փնտրում սովից և մարդու իրավունքների խախտման դեպքերից, հաղորդում է Reuters-ը:
«Ցավով և տխրությամբ տեղեկացա հարձակումների մասին, որ հատկապես այսօր՝ Զատկի օրը, սուգ և ցավ են բերել Շրի Լանկայում»,- նշել է նա՝ ցավակցություն հայտնելով այդ դաժան բռնության զոհերի հարազատներին:
Սուրբ Պետրոս տաճարի կենտրոնական պաշտգամբից ելույթ ունենալով՝ նա հակամարտության գոտիներում խաղաղության կոչ է արել:
«Թող Աստված ձեզ դարձնի կամուրջների, ոչ թե պատերի շինարարներ: Թող Նա վերջ դնի զենքի աղմուկին ինչպես հակամարտության գոտիներում, այնպես էլ մեր քաղաքներում, և ոգեշնչի ազգերի առաջնորդներին վերջ դնել սպառազինման մրցավազքին»,- ասել է նա: «Թող Հարություն առած Քրիստոսը բացի մեր սրտերը անապահովների, խոցելիների, աղքատների, գործազուրկների, մարգինալների և բոլոր նրանց առջև, ովքեր թակում են մեր դուռը հացի, կացարանի և իրենց արժանապատվությունը ճանաչելու փնտրտուքով»,- նշել է Հռոմի Պապը: