Վերջերս Համբերսայդի իրավապահները Facebook-ի հետևորդների հետ կիսվել են մի զվարճալի պատմություն: Նրանց ահազանգել է մի զգոն քաղաքացի, որը Հալլ գետում լողացող մարմին է նկատել: Ոստիկանությունը անմիջապես դեպքի վայր է եկել, իսկ գտածը նրանց իսկապես զվարճացրել է, հաղորդում է Mirror-ը:
Համբերսայդի ոստիկանությունն ու Հալլ գետի առափնյա պահպանության աշխատակիցները սկսել են դիակի որոնումները: Արագ և արդյունավետ աշխատանքի համար անգամ ուղղաթիռ են կանչել։ Որոշ ժամանակ անց ջանքերը հաջողությամբ են պսակվել՝ դժբախտը հայտնաբերվել է: Սակայն, բոլորին անակնկալ էր սպասվում։ Դա Ռոալդ Դալի «Մեծ բարի հսկա» գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի հերոսի տիկնիկն էր։
Ոստիկանները հաղորդագրությունների մեջ մի լավ ծիծաղեցին իրավիճակի վրա և շնորհակալություն հայտնեցին անհայտ վկային՝ ուշադրության համար: Չէ՞ որ «ջրահեղձը» ընդամենը տիկնիկ էր, բայց ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտ ունենալ։
Մեկնաբանություններում քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին իրավապահ մարմինների աշխատակիցներին լավ աշխատանքի համար և զվարճացան նրանց հետ: