Ռուսաստանը հայաստանյան հասարակության հզոր աջակցությունն ունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը՝ խոսելով ուկրաինական զարգացումներից հետո ռուսական քաղաքականության դասերի մասին:
Նա նշեց, որ ՌԴ երկարաժամկետ շարունակական քաղաքականությունը այնպիսի երկրներում, ինչպիսին Ուկրաինան է, չպետք է հիմնված լինի մեկ անձի՝ նախագահի վրա: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի համար կարևոր է իր ազդեցությունն ու ներկայությունը պահպանել ողջ երկրում, ողջ համակարգի հետ, քանի որ ուկրաինական փորձը ցույց է տալիս, որ ողջ քաղաքականությունը կապել մեկ անձի հետ՝ սխալ է:
«Իսկ ընդհանրապես՝ հիմա դեռ վաղ է ենթադրություններ և դասեր քաղել, քանի որ Ղրիմում իրավիճակը բավականին վտանգավոր է դառնում, գործընթացներ են շարունակվում, որոնց վերաբերյալ ես չեմ համարձակվում կանխատեսումներ անել:
Ղրիմում սկսված գործընթացները վտանգավոր են. որքան մեծանում է Կիևի նոր իշխանությունների գաղափարական ճնշումը, այնքան շատ է Ռուսաստանը ներքաշվում այս գործընթացում: Սա մի իրավիճակ է, որում ոչ միայն շահեր կան, և շահերն են կարևոր, այլ հեղինակության պատկերացումը: Սա է ամենավտանգավորը»,- ասաց Ֆյոդոր Լուկյանովը:
Վերջինս նշեց, որ Հայաստանում իրավիճակը բավականին տարբեր է, պետք չէ Ուկրաինայի հետ համեմատականներ անցկացնել: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի հայաստանյան պաշտոնական իշխանությունների հետ և ունի բավականին հզոր հենման կետ հասարակության շրջանում:
«Հասարակությունը, կարծում եմ, հասկանում է Հայաստանի համար Ռուսաստանի կարևորությունը՝ որպես անվտանգության և տնտեսական ոլորտներում գործընկերոջ: Հայաստանում Մայդան չի լինի, ես դրանում վստահ եմ»,- նկատեց նա:










































