ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ, որն ապրիլի 18-ին Մոսկվա է ժամանել կոնսուլտացիաների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպումներ են եղել (ՌԴ նախագահի) վարչակազմում, Ուշակովի հետ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե Հիլը հանդիպում ունեցել է արդյոք Կրեմլի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ: Պեսկովի խոսքով՝ ղեկավարների օգնականները քննարկել են «երկկողմ հարաբերությունների հարցերը»: Այն հարցին, թե արծարծվել է արդյոք ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման թեման, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը բացասական պատասխան է տվել: