Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր առաջին դեմ առ դեմ հանդիպումն է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ` վերջինիս պաշտոնավարության շուրջ երկու տարիների ընթացքում: Երկու նախագահների հանդիպումը կայացել է Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Միջազգային գործակալությունների փոխանցմամբ, Սաակաշվիլին հանդիպումից հետո հայտարարել է, թե ինքը Օբամայի հետ զրույցում կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության օգտին, եւ հույս հայտնել, որ արդյունքում «Ռուսաստանը ավելի քաղաքակիրթ պահվածք կորդեգրի իր հարեւանների նկատմամբ»: Սաակաշվիլին նաեւ ասել է, թե իր կարծիքով, Օբաման կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Հանդիպման վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Օբաման շնորհակալություն է հայտնել Սաակաշվիլիին` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի կազմում Վրաստանի բերած «նշանակալի ներդրումների» համար: