Քննիչներն առայժմ չեն հայտնաբերել տվյալներ, որոնք վկայեին, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է կանխամտածված գործողությունների հետևանքով: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Էյտցը՝ գրում է Interfax-ը:
«Ոչինչ չի մատնանշում հրդեհի կանխամտածված բնույթը»,- ասել է Էյտցը: Նրա խոսքով՝ այս պահին հայտնի է, որ առաջին հրդեհային տագնապը գործել է նախօրյակին տեղական ժամանակով 18:20-ին, սակայն բռնկում չի հայտնաբերվել: Այնուհետև ազդասարքը գործել է մեկ անգամ ևս երեկոյան 18:33-ին, այդ ժամանակ կրակը նկատվել է: Դրանից հետո տարհանում է սկսվել:
«Այս փուլում փորձագետները շենք մտնելու հնարավորություն չունեն: Հետաքննությունը նոր է միայն սկսվել»,- հավելել է դատախազը:
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին սաստիկ հրդեհ է բռնկել: Դրա հետևանքով փլվել է շենքի սայրաձողը և տանիքի մի մասը: