Կիրակի՝ ապրիլի 14-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։ Զուրաբիշվիլին չնախատեսված այցով եկեղեցի է ժամանել՝ իմանալով, որ այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալով՝ Վրաստանի նախագահը ծաղիկներից հյուսած պսակով աղջկա տեսնելով հարցրել է, թե ինչի է դա խորհրդանշում։ Աղջկա պատասխանից հետո նա ոտքով դեպի Սուրբ Խաչ եկեղեցի է քայլել։
Այցը բարձր է գնահատել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։ Նա ընդգծել է, որ դա կարևոր քայլ է հայ-վրացական եղբայրական հարաբերություններում։
Հիշեցնենք, որ Վրասանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքում է։ Նա այնտեղ է ժամանել Մայրենի լեզվի տոնի կապակցությամբ՝ մասնակցելով վրացերեն տառերով նախշազարդված պատի հանդիսավոր բացմանը։
Իր ուղերձում նա ասել է, որ նախագահը սահմանադրորեն պարտավոր է ջանքեր գործադրել վրացերենը բոլորի «իրական» լեզուն դարձնելու համար։ Նա ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է Ախալքալաքում վրացազելու մանկապարտեզներ բացել։