Լուրեր
Ինչպես է «Սեքյուրիթի դրիմ»-ը խաբել ոստիկանությանը. կեղծ փաստաթղթերով ՃՈ-ն ամսական 70 մլն է վճարել «Էլիպս»-ին
  • 09:45
  • 2019-04-15
  • Դիտումներ՝ *

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը դիմել է դատարան և վիճարկում է ընկերության սեփականատերերի կողմից իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ընկերության աշխատողները մի քանի բողոքի ակցիաներ իրականացրին՝ պահանջելով նախ աշխատանքից չազատել տնօրենին, ինչպես նաև բողոքում էին իրենց աշխատավարձերի իջեցումից։

Արամ Ղլեչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս թե ինքն է ազատվել աշխատանքից, թե նաև իրեն չազատելու պահանջով ըմբոստացած 27-ից ավելի աշխատակիցները։ «Այդ գործընթացն իրականացնելու որևէ փաստական և իրավական հիմք չկա։ Նրանց ծանուցագրեր են ուղարկվել, որ իրենք մարտի 1-ին աշխատանքի չեն ներկայացել, հետևաբար ազատվում են։ Մինչդեռ, աշխատակիցները գործադուլ են իրականացրել, որը նրանց իրավունքն է»,- ասաց Ղլեչյանը՝ հավելելով, որ ներկայումս իր հայցադիմումն արդեն դատարանում է, որով վիճարկվում է իրեն աշխատանքից ազատելու որոշումը։ Առաջիկայում հայցադիմումներ կներկայացվեն նաև աշխատակիցների մասով։

Ղլեչյանը նշեց, որ իր հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է մասնակից դառնալ ընկերության հիմնադիրների կողմից իրականացվող հանցագործությանը։ «Հիմնադիրները՝ Գուրգեն և Ալեքսանդր Սարգսյանները, որոնք նաև «Էլիպս» ընկերության հիմնադիրներն են։ «Էլիպս» ընկերությունը ծառայություններ է մատուցում «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, բայց փաստացի «Էլիպս» ընկերությունը չի մատուցում այն ծավալով ծառայություններ, որոնք արտացոլված են ընդունման հանձնման ակտերում։ Ես էլ, հետևաբար, հրաժարվել եմ հաստատել այդ ակտերը, որոնցով Ճանապարհային ոստիկանությունից «Սեքյուրիթի դրիմ»-ի միջոցով «Էլիպս» ընկերությանը ամսական 70 միլիոնները վերցնել, որովհետև ունեմ ձևավորված կայուն համոզմունք, որ այդ ծառայությունները չեն մատուցվում և դա կեղծիք է։ Այս պայմաններում ես նախընտրեցի գնալ»,- ասաց Ղլեչյանը։

Ի դեպ, Արամ Ղլեչյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը որևէ կապ չունի «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *