Լուրեր
«Հազարան բլբուլի» օրինակը վարչապետին․ ընկերները, ովքեր իր հետ ճանապարհ են անցնում՝ փոսն են գցելու

«Հեքիաթների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենք, համարում ենք մանուկների համար նախատեսված տեղեկատվություն կամ նյութ, սակայն ամենևին էլ այդպես չէ: Մենք ունենք ժողովրդական մաքրամաքուր հեքիաթներ, որոնք և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ հասարակական, մինչև անգամ բժշկական և աստղագիտական տեղեկատվություն են պարունակում: Հեքիաթները հազարամյակներ շարունակ փոխանցվում, մշակվում են՝ պարունակելով ուղերձներ՝ մեզ դրդելու որոշակի արարքների և որոշ արարքներից հետ պահելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց PR մասնագետ, հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանը՝ հավելելով, որ, օրինակ, «Քաջ Նազարը», «Սուտասանը» հեքիաթները տեղավորվում են քաղաքական համատեքստում:

Հ. Կիրակոսյանի դիտարկմամբ՝ եթե Խորենացու «Հայոց պատմությունը» հայ ժողովրդի անձնագիրն է, ապա մեր ժողովրդական հեքիաթներն ու էպոսը մեր ժողովրդի ծննդյան վկայականն են: «Հեքիաթներն ունեն ծրագրավորող, կոդավորող ազդեցություն, և հաշվի առնելով, որ մարդը հեքիաթների հետ առնչվում է ձևավորման փուլում՝ կարելի է ասել, որ հեքիաթները կարող են մի ողջ ազգի ճակատագիր որոշել և տնօրինել: Մենք ունենք փառահեղ հեքիաթներ, որոնք նորովի մշակելու կարիք կա»,- նշեց մեր զրուցակիցը:

Հ. Կիրակոսյանի խոսքով՝ Քաջ Նազարին, որպես քաղաքական գործչի կերպարի, կարելի է հակադրել Հազարն բլբուլի ետևից գնացող հերոսին, ով ոչ թե բախտի բերմամբ, այլ բազում փորձություններ հաղթահարելով է արժանանում հաջողությունների:

«Փաշինյանն իր քայլը կատարելուց առաջ հեքիաթ գրեց՝ «Հաղթանակի հեքիաթը», որի իրադարձությունները ճշգրտորեն կատարվեցին: Եվ նախագահ Ա. Սարգսյանի տիկինն էլ հեքիաթագիր է. փաստորեն մեր երկրի կարևոր օղակներին մոտ մարդիկ են, ովքեր հեքիաթին շատ մոտ են: Եվ դա դրական է, որովհետև հեքիաթն այն մաքուր ակունքն է, որը կարող է ապաքինել: Օրինակ՝ Հազարն բլբուլն ամայի թագավորությունը կարողանում է կանաչեցնել իր խոսքով:

Եթե վարչապետին նմանեցնենք հեքիաթային Հազարան բլբուլի ետևից գնացող հերոսին, ապա հեքիաթը կանխազգուշացումներ ունի՝ նրա հետ ճանապարհ գնացող ընկերները նրան փոսն են գցում, ջրհորի մեջ են գցում: Նման դրսևորումներ այսօր կարող ենք փաստել. լավ գործող նախարարների կողքին, տեսնում ենք գերատեսչություններ, որոնք ոլորտը տանում են դեպի անդունդ:

Եվ ընկերներ կան, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են դևերի: Եվ կա վտանգ, որ ինքդ կարող ես դիվացման գնալ: Իսկ դիվացումը տեղի է ունենում աննկատ… »,- նշեց Հ. Կիրակոսյանը:

«Հայասատնում մենք բոլորս ապրում ենք նույն հեքիաթում, մեզ պակասում էր Հազարան բլբուլը… Դա հրաշքի նկատմամբ հավատն էր մեր ներսում, որը մենք կորցնում ենք փոքր հասակում և դառնում ենք չափից ավելի ռացիոնալ»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ եթե հրաշքի զգացողությունը բույն դնի հայերի սրտում, ապա Հազարան բլբուլը կսկսի խոսել կամ երգել, ու մեր երկիրը կսկսի կանաչել…

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *