«Հակամարտության կարգավորման գործընթացը մոտ 30 տարի է կա, և մենք տեսել ենք, որ այն մոտեցումը, որը եղել է, որևէ արդյունք չի տվել միջազգային առումով, ավելին՝ 2016թ. արդեն ամբողջ հայության համար հասկանալի դարձավ, որ այն մոտեցումը, որ մինչ այդ մեզ ասվել էր, որ դա հնարավորություն է տվել խաղաղություն ապահովել, այլևս չի աշխատում, այսինքն՝ խնդրի դրվածքի որակական, արմատական փոփոխության մասին պետք է մտածեինք. ո՞րն է այն ճանապարհային քարտեզը, որը կբերեր կայուն վիճակի, որո՞նք են պահանջները, որոնք ռազմավարական իմաստով պետք է Հայաստանը հետապնդի քաղաքականության մեջ: Մենք այդպիսի պահանջներ չենք ձևակերպել, ելել ենք ստատուս քվոյից, որը 94թ. զինադադարից հետո պարտադրվեց, մենք էլ այդ խայծը կուլ տվեցինք: Հետո տեսել ենք դրա հետևանքները»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Եվ հիմա ձևաչափի վերականգնման փորձեր են արվում, դա նոր հռետորաբանությո՞ւն է: Այս հարցին ի պատասխան՝ Չուգասզյանը նշեց, որ իր կարծիքով սա մարտավարական խաղ է. «Եվ որոշակի ժամանակ շահելու նպատակ է հետապնդում նոր իշխանությունը: Այդ իմաստով կարելի է ընդունելի համարել: Բայց հարցի խաղաղ լուծման ռազմավարական իմաստով մենք նույն խնդրի առաջ ենք կանգնելու. կա ծուղակ, որը կապված է ինքնորոշման իրավունքի հետ, և եթե մենք դա ենք առաջ տանում, ապա պետք է արդեն իսկ հասկանանք, որ դա չի տարածվում ազատագրված տարածքների վրա, ինքնորոշում կարող է լինել միայն ԼՂԻՄ-ի տարածքում: Եթե այսպես շարունակվի, մենք հայտնվում ենք ծուղակի մեջ, այսինքն՝ մենք ինքներս ընդունում ենք, որ ազատագրված տարածքները պետք է հանձնենք»:
Վիտալի Բալասանյանն ասել է, որ նրանք, ովքեր Արցախը Հայաստանի մարզ են համարում, չպետք է գան Արցախ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Գ. Չուգասզյանը նշեց. «Վ. Բալասանյանը սովորական արցախցի չէ, նա Արցախի անվտանգության «ճարտարապետն» է ի պաշտոնե, և նա չի կարող իրեն «ջայլամի նման պահել»՝ չտեսնել այն, ինչի մասին քիչ առաջ նշեցի… Դեռևս պետք է պարզել, թե ինչ դրդապատճառներ կան, որ նա այդպիսի արտահայտություն է արել, կամ պետք է ընդունենք, որ Բալասանյանը անհեթեթություններ է ասել… Երբ գեներալներն են սկսում այդպիսի բան ասել, դա չափազանց վտանգավոր է: Սրան պետք է քաղաքական գնահատական տալ»:
«Մեզ համար Արցախը Հայաստան է… Արցախում չկա քաղաքացիության այլ վկայական: Արցախցին երբ որ ճամփորդում է, որպես ՀՀ քաղաքացի է ճամփորդում»,- նշեց մեր զրուցակիցը: Նա նաև հավելեց, որ հայ ժողովուրդը պայքարել է հանուն Հայաստանի և Արցախի միացումի, ոչ թե հանուն Արցախի անկախության:
Մանրամասն՝ տեսանյութում: