Լուրեր
Սրանով թթվածնի շատ մեծ չափաբաժին ենք տալիս Գյումրիին. «Իմ քայլի» պատգամավոր
  • 10:00
  • 2019-04-12
  • Դիտումներ՝ *

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պահի տակ կայացրած որոշում է, իրականում հարցը ամիսներ շարունակ քննարկվել է, առաջարկը եղել է վաղուց, պարզապես վերջնական որոշման մասին վարչապետը հայտարարեց երեկ.

«Շատ մեղմ ասած, դրական եմ գնահատում այդ քայլը։ Իրականում ես չեմ հասկանում որոշ մարդկանց մտահոգությունները, իրոք չեմ հասկանում։ Գյումրին Հայաստանի ամենաաղքատ մարզն է, աղքատության մակարդակն այնտեղ գերազանցում է 44 տոկոսը, Երևանի համեմատ կրկնակի բարձր է աղքատության մակարդակը ամբողջ Շիրակի մարզում։ Երկրորդ՝ Երևանը սարսափելի ծանրաբեռնված է։ Եթե դուք տեսնեք ավտոմաքսատան տարածքում և հարակից փողոցներում ինչ է կատարվում օրվա ընթացքում, կհասկանաք, որ եթե մի պահ աչքերս փակենք և պատկերացնենք, որ այդ հատվածներում այդ կառույցները չկան, երթևեկությունը էականորեն կթեթևանա», -ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ 2018-ին մոտ 70.000 մեքենա ներկրվել է Հայաստան, մոտ 17.000 մեքենա արտահանվել է Հայաստանից, սա նշանակում է, որ օրական մոտ 200 մեքենա մտնում է Հայաստան միայն մաքսազերծվելու համար։

  • Դիտումներ՝ *