Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Բոլորդ պառկեք…». ուշագրավ մանրամասներ՝ HSBC բանկի վրա հարձակում գործած ու երկու մարդու սպանած գնդապետի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը ծրագրել է հանցավոր արարքի կատարումը և 2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:

Իր հանցավոր մտադրության իրականացման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված՝ Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է բանկի մասնաճյուղում ծառայողական գործունեություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:

Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին:

Չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ:

Մկրտչյանը ակտիվորեն դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:

Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար:

Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և առանձնապես խոշոր չափերի ողջ գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, Դանիել Դանիելյանի պահանջով լցրել է վերջինիս կողմից տրամադրված ուսապարկի ու պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան: Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացել էին, ու կրակոցներ չեն արձակվել:

Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ դրանցից ոչ հեռու վնասազերծողների կողմից անշարժացվել, ձեռնաշղթայվել ու մայթին պառկեցվել է Դանիելյանը:

Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:

Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Գործով դատակոչված է 36 վկա: Նրանց մեծ մասն արդեն հարցաքննված է:

Դատական այս նիստում հարցաքննվեց չորս վկա: Նրանցից երկուսը դեպքի պահին բանկում էին եղել՝ որպես հաճախորդներ, իսկ երկուսը բանկի մասնաճյուղի աշխատակիցներ էին:

Հաճախորդներից՝ վկա Վիգեն Մ.-ն մտաբերեց, որ դեպքի օրը 3-4 րոպե էր, ինչ գտնվում էր բանկի մասնաճյուղի սրահում, երբ հանկարծ լսել է կրակոցի նման ձայն, մեկը պարտադրել է, որ սրահում գտնվողները պառկեն հատակին: Բոլորը պառկել են, վկան էլ է պառկել: Նա տեսադաշտ չուներ, բայց լսում էր, որ նույն ձայնը պահանջում է՝ բացե՛ք սեյֆը, գումարը տվե՛ք, զանգե՛ք, թող անջատեն սիգնալիզացիան:

Վկան ասաց, որ մասնաճյուղի ղեկավարին ճանաչել է, դեպքի օրը նրան տեսել է հեռվից: Երբ արդեն պառկած վիճակում էր, լսել է, որ ղեկավարը՝ Արմեն անունով, հանգստացնում է հարձակումը գործած տղամարդուն, խնդրում է չկրակել…

«Երբ պառկած էի, ժամանակի զգացողությունը կորցրել էի, բայց երբ այդ դեպքից հետո տուն գնացի ու իմ ծախսած ժամանակը հաշվեցի, ստացվեց, որ ամենը մոտ 20 րոպե էր տևել»,- ասաց վկան:

Նա նշեց, որ բանկի սրահում պառկած մնացել է այնքան, մինչև տեսել է, որ մյուսները ոտքի են կանգնում, հասկացել է, որ հարձակվողը դուրս է եկել բանկից:

Վկան բանկի սրահում տեսել է վիրավոր «ախրաննիկին»՝ նա համազգեստով էր, վերնաշապիկն արյունոտ էր…

Բանկի ներսում վկան երկու կրակոց է հիշում, իսկ դրսից կրակոցի ձայն չի լսել: Երբ դուրս է եկել բանկից, իմացել է, որ ժողովուրդը բռնել է հարձակում գործած տղամարդուն: Դեպքի վերաբերյալ դիտել է համացանցում շրջանառվող տեսանյութերը:

Բանկի հաճախորդ, գործով վկա Սերգեյ Ա.-ն դեպքին նախորդող պահին մասնաճյուղի սրահում հերթ կանգնած՝ սպասում էր սպասարկվելու իր հերթին.

«Պայթյունի նման ձայն լսեցի, ես այդ ձայնի ուղղությանը թիկունքով էի կանգնած: Հետո առաստաղից ինչ-որ բան թափվեց, նայեցի վերև… Շուրջը գոռոցներ էին, տեսա՝ սաղ պառկում են գետնին, իսկ մեկը գոռգոռում ու պահանջներ է ներկայացնում: Ես էլ պառկեցի հատակին, միայն գոռգոռոց ու կրակոցներ էի լսում… Հարձակվողի դեմքը փակ էր կարծեմ՝ ինչ-որ շորով: Նա ցածրահասակ էր, գոռում էր. «Կողոպուտ ա, սա կողոպուտ ա…»: Գումարի պահանջ կարծեմ կար… Սիգնալիզացիան միացել էր, տղամարդը պահանջում էր՝ անջատե՛ք սիգնալիզացիան, անջատե՛ք… Երբ հասկացանք, որ նա դուրս է եկել բանկից, ոտքի կանգնեցինք… Հիշում եմ՝ մի տղա կար, ում սկոռի էր պետք՝ նրան ոնց որ գրկած դուրս էին բերում, հասկացանք, որ վիրավոր է… Բանկից դուրս գալով՝ անկախ ինձանից գնացի այն կողմ, որտեղ շատ մարդ էր հավաքված: Տեսա, որ մեկը՝ ոստիկանական համազգեստով, արյունոտ, ընկած է գետնին…»:

Բանկի աշխատողներից՝ վկա Վահագն Մ.-ն հայտնեց, որ հարձակմանը նախորդող պահին ինքը սպասարկում էր բանկի հաճախորդներին: Հանկարծ պայթյունի պես ձայն է լսվել, առաստաղից ինչ-որ բան է ընկել… Խառնաշփոթ է առաջացել… Վկայի հիշողության մեջ դաջվել են հարձակում կատարողի մոտ եղած «երկար հրացանը» և անվտանգության աշխատող Խաչիկը՝ գետնին ընկած, արնաշաղախ…

Դատարանը հրապարակեց ոստիկանության համապատասխան ծառայության աշխատողների զեկուցագրերը՝ դատարան չներկայացող մի քանի վկաներին բերման ենթարկելու՝ դատարանի որոշումների կատարման վերաբերյալ:

Վկաներից մեկի հայրը ոստիկանին հայտնել էր, թե որդին արդեն վեց ամիս Արաբական Միացյալ Էմիրություններում է, նրա վերադարձի ժամկետի մասին տեղեկություն չունի: Մյուս վկայի հարևանը հայտնել էր, թե հարևանուհին ամուսնացել ու տեղափոխվել է, տվյալ բնակարանում այլևս չի բնակվում, թե ուր է տեղափոխվել՝ հայտնի չէ…

Դատարան չներկայացող վկաներին բերման ենթարկելու նոր որոշումներ կայացվեցին:

Դատարանը հրապարակեց HSBC բանկից ստացված դիմումը՝ փախուստի ճանապարհին վնասազերծված տղամարդու պայուսակից փողոցում ցրիվ եկած, բանկի մասնաճյուղից հափշտակված գումարի՝ 79 միլիոն 200 հազար դրամի, 110 հազար ԱՄՆ դոլարի, 39 հազար 690 եվրոյի, 242 հազար 240 ռուսական ռուբլու, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգի, 2980 կանադական դոլարի, 200 ավստրալիական դոլարի և 700 ՄԱԷ դիրհամի վերաբերյալ: Նշելով, որ հիշյալ գումարն ամբողջությամբ առգրավվել, ճանաչվել է որպես իրեղեն ապացույց ու գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տնօրինման ներքո, դիմումատուն հիշատակել էր, որ առանձնապես խոշոր չափերի այդ գումարը կարևոր նշանակություն ունի բանկի մասնաճյուղի գործունեության, ֆինանսական շրջանառության ապահովման համար: Դիմումատուն խնդրել էր դատարանին՝ իրեղեն ապացույց ճանաչված գումարը, հնարավորության դեպքում և օրենքի շրջանակներում, հանձնել բանկի տնօրինությանը:

Այս դիմումի կապակցությամբ մեղադրող դատախազն առարկություն ներկայացրեց՝ նշելով, թե իրեղեն ապացույցը դատարանում պետք է հետազոտվի, ապա դատական ակտով պետք է տնօրինվի, այնպես որ՝ դատաքննության այս փուլում գումարը հնարավոր չէ վերադարձնել բանկին:

Դատավարության մյուս կողմերը միացան մեղադրողի կարծիքին:

Նախագահողը նշեց, որ դեռևս նախաքննության փուլում՝ քննիչի որոշմամբ, առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված ամբողջ գումարը հանձնվել է HSBC բանկի պատասխանատու պահպանմանը: Խնդիրը վերաբերում է գումարը բանկի կողմից շրջանառության մեջ դնելուն, ինչը տվյալ պահին հնարավոր չէ՝ դատարանը գործում առկա ապացույցները, այդ թվում՝ խնդրո առարկա ապացույցը, չի հետազոտել: Դատաքննության շրջանակներում այդ ապացույցի հետազոտությունից հետո միայն դատարանը կարող է քննարկել խնդրանքը, որով բանկը դիմել է դատարանին: Հետևաբար՝ նշված հարցի լուծումը դատարանի կողմից հետաձգվեց, այդ հարցին դատարանը կանդրադառնա միայն հիշյալ իրեղեն ապացույցի հետազոտությունը իրականացնելուց հետո:

Դատական հաջորդ նիստում՝ ապրիլի 25-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում