
Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում: Այս մասին ապրիլի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական առաջարկներին:
«Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունը, ինչպես նաև մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկելու այս և այլ հարցեր արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զախարովան: