Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստան կատարած այցից հետո հանդիպել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, գրում է ermenihaber-ը:
Էրդողանը խոսել է ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնք Ռուսաստանը պատրաստվում է այս տարի մատակարարել Թուրքիային։ Ինչպես հայտնի է, Վաշինգթոնը բազմիցս դեմ է արտահայտվել այդ գործարքին և զգուշացրել, որ դա Անկարայի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ։
«Մենք ուր գնում ենք, մեզ հարցնում են C-400-ների մասին։ Մեր արտգործնախարարին և մնացած նախարարներին ամեն տեղ այդ հարցն են ուղղում, հորդորում, որ հրաժարվենք դրանցից։ Մենք էլ պատասխանում ենք, որ C-400-ների հարցը փակված է և ամեն բան գնում է իր հունով»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ թեև C-400-ների մատակարարումը պետք է տեղի ունենար հուլիսին, բայց հնարավոր է, որ ավելի շուտ լինի: Էրդողանը, պարզաբանելով C-400-ների գնման դրդապատճառները, ասել է, որ դա առաջին հերթին պայմանավորված է Թուրքիային սպառնացող արտաքին վտանգների հետ: Նա նաև հավելել է, որ ոչ մի երրորդ երկիր, նկատի ունենալով ԱՄՆ-ին, իրավասու չէ քննարկել երկու ինքնիշխան երկրների միջև կայացրած որոշումները։