Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակը՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան չի պատրաստվում նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել հունիսի 9-ի վաղաժամկետ ընտրություններում: Այդ մասին հայտնել է kursiv. kz կայքը՝ վկայակոչելով խոսնակի օգնական Սաուլա Մուստաֆաեւային:
«Ոչ, Դարիգա Նուրսուլթանովնան չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը»,- հայտնել է Մուստաֆաևան, որի խոսքը մեջբերել է տեղեկատվական պորտալը:
Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է: Ավելի վաղ հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևը հեռուստաուղերձում հայտնել Է, որ Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին: «Ես այդ առիթով խորհրդակցել եմ Ելբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների, երկրի վարչապետի հետ, իմ որոշումը համաձայնեցրել եմ Սահմանադրական խորհրդի հետ, հանդիպել եմ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ:
Վաղաժամկետ ընտրությունների վերաբերյալ որոշումը կարևոր է ու անհրաժեշտ»,- Տոկաևն ասել է իր ուղերձում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել մարտի 19-ին: Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, նախագահի լիազորություններն անցել են Սենատի նախագահ Տոկաևին, որը Ղազախստանի ղեկավարի պարտականությունները պետք է կատարեր մինչև ընտրված նախագահի լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2020 թվականի ապրիլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: