Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Բոսնիա-Հերցեգովինայից և Ֆինլանդիայից կրած պարտությունների հետևանքով Հայաստանի ազգային հավաքականը նահանջեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Այս պահին 106-րդն ենք և զիջում ենք այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Պաղեստինը, Մավրիտանիան, Վիետնամը, Ղրղըզստանը…
Երբ մեր հավաքականը նահանջում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի:
Երկրպագուների հիմնական մասը վստահ է, որ մեր հավաքականն այսօր ուղղակի կջախջախի վերը թվարկված հավաքականներին: Այո, հնարավոր է, որ Վիետնամի հետ մրցելու դեպքում հաղթենք խոշոր հաշվով, բայց դա չի նշանակում, որ արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն: Վերջին տարիներին մեր հավաքականն այն աստիճան անհաջող է ելույթ ունենում, որ վարկանիշից դժգոհելու մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք: Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն ենք: Եթե ժամանակին մեզ մի գլուխ բարձր էինք դասում, օրինակ, Լյուքսեմբուրգից, Անդորրայից, Լիխտենշտեյնից, ապա այսօր չկա վստահություն, որ այս հավաքականների հետ մրցավեճերում կկարողանանք երեք միավոր վաստակել: Անցյալ տարի չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Հունիսին կրկին մրցելու ենք Լիխտենշտեյնի հետ: Հաշվի առնելով մեր հավաքականի ներկայիս վիճակը՝ կարող ենք ասել, որ հաղթելու հավանականությունը մեծ չէ: Ավելի ստույգ՝ նույնիսկ պարտությունը զարմանք չի առաջացնի: Իսկ ինչու պետք է զարմանանք, եթե սեփական հարկի տակ զիջում ենք Ջիբրալթարին:
Հնարավոր է շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 106-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Մենք ՈՒԵՖԱ-ի անդամ ենք, գտնվում ենք եվրոպական գոտում, որտեղ կան 55 հավաքականներ: Թե՛ խաղի որակով, թե՛ արդյունքներով այսօր Եվրոպայում մոտավորապես 50-րդն ենք: Չի բացառվում, որ եթե հանդես գայինք ասիական գոտում, այսօր դասակարգման աղյուսակում լինեինք 50 կամ 60-րդը: Այսինքն՝ որակապես ավելի ցածր հարթության վրա գրանցելով ավելի բարձր արդյունքներ՝ ընդհանուր հաշվարկում ավելի բարձր տեղում կհայտնվեինք:
ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն Գաբոնի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում: Մենք շարունակում ենք պարտվել և շարունակելու ենք պարտվել: Ինչու, որովհետև չպարտվելու համար այդպես էլ քայլեր չեն ձեռնարկվում: Ավելին, ստեղծված են նպաստավոր պայմաններ պարտությունների շարքը երկարացնելու համար: Հետևաբար ունենք նախադրյալներ այդ 106-րդ տեղից ավելի ցածր գլորվելու համար: Եթե տարին փակենք, ասենք, 126-րդ հորիզոնականում, կրկին կհնչեն պնդումներ, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը չի արտացոլում իրական պատկերը, և որ մենք մի քանի գլուխ ավելի բարձր ենք, օրինակ, Օմանից:
Եկել է ժամանակը հասկանալու, որ ՖԻՖԱ-ի աղյուսակը ոչ թե դասակարգման, այլ արժանիքների աղյուսակ է: Այո, եղել ենք ավելի ցածր դիրքերում, նահանջել ենք մինչև 123-րդ հորիզոնական: Նշանակում է, որ այդ պահին արժանի ենք եղել լինելու այդ դիրքում: Շատ ենք լսել, որ ՖԻՖԱ-ի դասակարգումը մեզ համար էական չէ, և շեշտը պետք է դնենք խաղի որակի վրա: Տարիներ առաջ գոնե նպատակ էր դրվում հավաքականի առաջ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը: Այսօր ազգային թիմի առաջ պաշտոնապես որևէ նպատակ դրված չէ: Այսինքն՝ ՖԻՖԱ-ի դասակարգումը մեզ համար կարևոր չէ, պաշտոնական մրցաշարերում նպատակ չունենք, մեր ֆուտբոլիստներն էլ խաղում են ազգին ուրախացնելու համար: Այսքանից հետո կարո՞ղ ենք պնդել, որ 106-րդը չի արտացոլում մեր հավաքականի իրական պատկերը: Եթե խիղճներս էլ կորցնենք, կկարողանանք ասել, որը 106-րդը դեռ շատ է Հայաստանի հավաքականի համար: Նույն Լիխտենշտեյնի հավաքականն այսօր՝ 182-րդ, Մալթան՝ 180-րդ, Ջիբրալթարը 195-րդ տեղում է: Ինչով ենք ավելի ուժեղ այս հավաքականներից: Ժամանակին գրանցել ենք արդյունքներ, որոնք ՖԻՖԱ-ն հաշվի առնելով՝ մեզ 106-րդ տեղում է դրել: Բայց ժամանակն անցնում է, և մենք հաստատուն քայլերով մոտենում ենք դասակարգման աղյուսակի ստորին հատվածին:
Այս տրամաբանության սկզբունքներով շարժվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ մենք դասակարգման աղյուսակում օբյեկտիվորեն կլինենք 180-րդը: