Լիսաբոնում շաբաթ օրը չծրագրված հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ ասելով, որ նախագահները քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ, մասնավորապես նաև ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի հետ կապված, որը ԱՄՆ-ի Սենատը դեռ չի վավերացրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օբաման ողջունել էր Ռուսաստանի որոշումը հակաօդային պաշտպանության բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հնարավորության վերաբերյալ։ Մեդվեդևը ՆԱՏՕ – Ռուսաստան գագաթնաժողովում ասել էր, որ Ռուսաստանը կհամաձայնի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ միայն որպես լիարժեք գործընկեր։ Դ.Մեդվեդևը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների «սառը» փուլը ավարտվել է։