Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնման հետ կապված հակամարտությունը սպառնում է պառակտել ՆԱՏՕ-ն՝ հայտնում է դաշինքի առաջատար դիվանագետներից մեկը՝ գրում է Washington Examiner-ը։
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարել է. «Դա ինձ անհանգստացնում է: Կարևոր դաշնակցին կորցնելը հաջողություն չէ։ Անկասկած, դա տապալում է»։
Այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 70-ամյա հոբելյանին նվիրված գագաթաժողովը նվիրված է եղել Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխադարձ մեղադրանքներին։
Տարաձայնությունները վերաբերում են ռուսական սպառազինությունների մասին համաձայնագրին, որոնք, ինչպես կարծում են արևմտյան տերությունները, Ռուսաստանին ՆԱՏՕ-ի ռազմական համակարգերի մասին արժեքավոր տեղեկատվություն կտան, ինչը կարող է աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ։
ՆԱՏՕ-ի որևէ անդամ երբեք դուրս չի եկել դաշինքից։ ՆԱՏՕ-ին 1952թ․ միացած Թուրքիայի պատճառով պառակտումը հատուկ նշանակություն կունենա։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամները դեռևս Թուրքիայից պաշտոնապես բաժանվելու մասին չեն խոսում։
Անկարան և Վաշինգտոնը հայտնվել են փակուղում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ինքը չի հրաժարվի С-400 համակարգերի հետ կապված գործարքից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ Թուրքիային F-35 կործանիչներ չի մատակարարի, եթե վաճառքը տեղի ունենա, քանի որ դա Ռուսաստանին թույլ կտա հեշտությամբ հետևել անտեսանելի կործանիչներին։ ԱՄՆ-ը Թուրքիային նաև պատժամիջոցներով է սպառնում։
Լինկյավիչյուսի խոսքերով, եթե С-400-ների վաճառքը կայանա, ՆԱՏՕ-ին «մեծ վնաս» կհասցվի։ «Սակայն եկեք դեռևս այդ մասին չմտածենք։ Մենք Թուրքիային դեռ չենք կորցրել»,- հավելել է նա։