Ղրղզստանում խստացրել են ամուսնության նպատակով աղջիկներ առևանգելու համար պատիժը։ Այժմ հարսնացուներ առևանգողներին 7-10 տարվա կալանք է սպառնում։ Այս մասին հայտնել է «Խաղաղության կանանց բանկ» հասարակական կազմակերպության առաջնորդ Գուլսան Աբիտովան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Նախատեսված է նաև 200 հազար սոմ տուգանք (ավելի քան 3000 դոլար)։
Իրավապաշտպանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում իրավիճակը «գրեթե չի փոխվել»։
«Ընտանիք կազմելու նպատակով իրենց կամքին հակառակ աղջիկներ առևանգելը հանրապետությունում շարունակվում է, անգամ դեպքեր են գրանցվել, երբ առևանգումից հետո աղջիկներն ինքնասպանություն են գործել»,-ասել է նա։
Աբիտովան նշել է, որ հիմնականում առևանգված աղջիկների ծնողները և երիտասարդների հարազատներն իրավապահներին չեն հայտնում միջադեպերի մասին։
Նրա խոսքով՝ Ղրղզստանում անչափահաս աղջիկների տարեկան մինչև 30 առևանգում է տեղի ունենում, որոնցից վեցը բռնաբարությամբ է ուղեկցվում։