ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանել է կարտոֆիլը, որը նրան Ամանորին նվիրել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին ամանորյա տոներին չորս պարկ կարտոֆիլ է նվիրել «նախագահական բանջարանոցից»: Դա կարտոֆիլի չորս տարբեր տեսակ էր՝ տապակելու, բլիթների, պյուրեի, եփելու և խորովելու համար:
«Իհարկե, բելառուսական կարտոֆիլը շատ համեղ է: Իսկ նման ավանդական նվերների փոխանակում տեղի է ունենում պարբերաբար»,- ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը հավանել է Լուկաշենկայի նվիրած կարտոֆիլը:
Միևնույն ժամանակ, Պեսկովը դժվարացել է պատասխանել, թե հատկապես ինչ է պատրաստվել այդ կարտոֆիլից:
«Ես նախագահի տան խոհանոցին, բառի ուղիղ իմաստով, չեմ մասնակցում», – նշել է նա: