Բրազիլիայի Կաշուեյրա-Ալտայի քաղաքապետարանի դատարանը երկու եղբայր երկվորյակներին պարտավորեցրել է ալիմենտ վճարել, քանի որ նրանցից ոչ մեկը հայրություն չի ճանաչել, գրում է Globo պարբերականը:
Եղբայրներից մեկի, ում դեմ հայց է ներկայացրել երեխայի մայրը, ԴՆԹ-ի վերլուծությունը դրական է եղել, ինչը նշանակել է, որ նա է երեխայի հայրը:
Սակայն նա պնդել է, որ երեխայի հայրը մյուս եղբայրն է և փորձել են «մեղքը բարդել» նրա վրա: Բայց քանի որ եղբայրները միաձվային երկվորյակներ են, վերլուծությունը ցույց է տվել, որ երկուսն էլ կարող են 99.9% հավանականությամբ լինել երեխայի հայրը:
Դատարանը պարզել է, որ աղջիկների հետ հանդիպելիս տղամարդիկ հաճախ են օգտվել իրենց նմանությունից: Իսկ հայրության ճանաչման հարցը փակուղի է մտել, ուստի դատարանը որոշել է, որ երկու եղբայրներն էլ ալիմենտ պետք է վճարեն իրենց նվազագույն աշխատավարձի 30%-ի չափով, որը մոտ 60 դոլար է կազմում: Երեխայի ծննդյան վկայականում ևս երկու հայր է նշվելու: