Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կանհետանա «աշխարհի քարտեզից», եթե երկրի կառավարությունը չփոխվի։ Այս մասին նա ասել է «Գրուզիա օնլայն»-ի հետ հարցազրույցի ժամանակ։
«Մեկ-երկու տարուց Վրաստանն առհասարակ կանհետանա աշխարհի քարտեզից»,-ասել է Սաակաշվիլին։
Նա հավելել է, որ «բոլոր տվյալներն» այդպիսի սցենար են մատնանշում՝ նշելով, որ երկրի տնտեսությունը չի աճում, իսկ արտագաղթողների թիվը հասել է միլիոնի։ Նրա խոսքով՝ եթե երկրի կառավարությունը չփոխվի, «վրացական պետություն այլևս չի լինի»։
«Մենք աշխարհում բարեփոխումներ իրականացրած թիվ մեկ երկիրն էինք, իսկ այժմ մենք աննկատ ենք։ Դա է իրականությունը»,-եզրափակել է Սաակաշվիլին։