Ռուսական Ս-400-ներն անհրաժեշտ են Թուրքիային և ոչ մի վերավաճառք չի լինի, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել, Թուրքիային հարկավոր են հրթիռային համալիրներ, մենք խորհրդակցել ենք շատ երկրների հետ, քննարկել, բայց որոշ երկրներ չցանկացան մեզ ԶՀՀ տրամադրել, և մենք պայմանավորվեցինք Ռուսաստանի հետ ու պայմանագիր ստորագրեցինք։ Այդ պայմանագիրը ստորագրվել է, այն ուժի մեջ է, հիմա մենք խոսում ենք մատակարարման ժամկետի մասին»,- ասել է Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա։
Նա նաև նշել է, որ երբ երրորդ երկրները դեմ են հանդես գալիս երկու երկրների որոշմանը, դա պարզապես հակասում է միջազգային քաղաքականությանը։
Ավելի վաղ, ամերիկացի սենատորները երկկուսակցական օրինագիծ էին ներկայացրել, որով արգելվում էր Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի հաստատի, որ Անկարան հրաժարվել է ռուսական Ս-400-ներից։