«Այո՛, ես ունեմ մտահոգություններ և ես չեմ խորշել իմ մտահոգություններն արտահայտել իմ լավ ընկեր Արայիկ Հարությունյանին, երբ նա հյուրընկալվել էր խմբակցությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, ըստ որի՝ մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միանում են ԿԳ նախարարությանը։ Պատգամավորը հիմնավորեց իր մտահոգությունները․
«Կրթության ոլորտը գիտության ոլորտի հետ միասին ինքնին շատ մեծ ոլորտ է, և այստեղ ավելորդ է նույնիսկ խոսել խնդիրների մեծածավալ և անվերջ լինելու մասին։ Եվ ևս մեկ լրացուցիչ բեռ դնել նախարարի ուսերին, կարծում եմ՝ գուցե արժե այդ թեմայի շուրջ երկար մտածել, մինչև դա անելը»,-ասաց պատգամավորը։ Մշակույթի ոլորտը, ըստ նրա, առանձնահատուկ ոլորտ է, և մշակույթի գործիչներն իրենց հուզող թեկուզ ամենափոքր հարցով սիրում են անձամբ նախարարի մոտ մտնել և հերթեր կանգնել, իսկ հերթերը կրթության և գիտության ոլորտում շատ երկար են։
«Ես չեմ կարող չբարձրաձայնել, որ ամեն դեպքում կառավարության կառուցվածքում կարևորագույն հիմնաքարերից մեկը կրթության ոլորտն է և պետք է ամեն ինչ անենք, որ այն բերենք առաջին պլան»,-հավելեց նա։










































