Վարչապետի ասածը պետք է հասկանալ փոխաբերական իմաստով, ոչ թե կոնկրետ մեկ բուհի իմաստով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի աշխատել:
«Տարիներ շարունակ մենք տեսել ենք այդ պրոցեսները, տեսել ենք, թե ինչպես ուսանողական խորհուրդները ծառայում են որպես տրամպլին առավել բարձր պաշտոնների գնալու համար: Եթե ուզում էիր դառնալ պատգամավոր կամ պրոռեկտոր, պետք է անպայման ընդգրկված լինեիր ուսանողական խորհուրդների կազմում, իսկ ուսանողական խորհուրդները հիմնականում ծառայում էին գործող իշխանություններին տարբեր ձևերով»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ սկզբնական շրջանում՝ 1995-96 թվականներին, երբ ձևավորվեցին ուսանողական խորհուրդները, այդպիսի իրավիճակ չէր տիրում, բայց հետագայում իրավիճակը փոխվեց և եթե նույնիսկ չդարձան կուսակցական, դարձան կուսակցական շահերին ծառայող մարմիններ: