Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է սահանադրության մեջ կատարված՝ մայրաքաղաքը վերանվանելու մասին լրացումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ Տոկաևն առաջարկել էր երկրի մայրաքաղաք Աստանան, ի պատիվ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, վերանվանել Նուր-Սուլթան: Չորեքշաբթի խորհրդարանի պատգամավորները ընդունել են սահմանադրության մեջ կատարված համապատասխան լրացումները: Դրանք ուժի մեջ կմտնեն նախագահի ստորագրելուց հետո:
Ղազախստանի նախագահի մամլո ծառայության տեղեկացմամբ՝ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: «Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուր-Սուլթան»,- նշված է տեքստում, որը հրապարակվել է Ղազախստանի նախագահի կայքում:
Աստանան (թարգմանաբար՝ «մայրաքաղաք») իր անունը ստացել է 1998 թվականին: Մինչև 1961 թվականը այն կոչվել է Ակմոլինսկ, այնուհետև վերանվանվել Ցելինոգրադի։ Մինչև 1998 թվականը կրել է Ակմոլա անունը: Ներկայիս անունը ստացել է՝ դառնալով Ղազախստանի մայրաքաղաքը: