ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շրջագայության է մեկնել Մերձավոր Արևելքով՝ հուսալով ամրապնդել Իրանի դեմ աջակցությունը։ Շրջագայության ընթացքում նա բանակցություններ կանցկացնի կարևոր դաշնակցի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հայտնում է AFP-ը։
Պետքարտուղարը իր շրջագայությունը սկսել է Քուվեյթ այցով, որտեղ հանդիպել է էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Աս Սաբահի հետ։
Այցից առաջ նա լրագրողներին հայտնել է, որ կքննարկի «ռազմավարական երկխոսությունը» և «Իրանի Իսլամական Հանրապետությունից եկող սպառնալիքի» դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Պոմպեոն նաև պնդում է, որպեսզի մեծանա Մերձավորարևելյան ռազմավարական դաշինքի (MESA) դերը, որի նպատակը Թեհրանի դեմ արաբական դաշնակիցների միավորումն է։
Պոմպեոն կոչ է արել Քաթարին և Սաուդյան Արաբիային, որպես MESA-ի անդամներ, «ոչնչացնել պատերազմի կացինը», որը պառակտել է Պարսից ծոցի երկու հզոր պետություններին։
«Դա չի բխում տարածաշրջանի շահերից։ Դա չի բխում աշխարհի շահերից»,- ասել է Պոմպեոն։
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և նրանց դաշնակիցները 2017թ․ կտրել էին բոլոր կապերը Դոհայի հետ՝ Քաթարին մեղադրելով իսլամիստական արմատականներին ֆինանսավորելու մեջ։
Քաթարը հերքում է մեղադրանքները և ասում, որ մրցակցող պետությունները ձգտում են Դոհայում իշխանափոխություն սադրել։
Թեև Վաշինգտոնը պնդում է, որ չի միջամտում իսրայելական քաղաքականությանը, Պոմպեոյի այցը դիտարկվում է որպես իշխանությանը ողջ ուժով կառչած Նեթանյահուին սատարելու նշան։ Նեթանյահուի հակառակորդների հետ որևէ հանդիպում նախատեսված չէ, պետքարտուղարը չի հանդիպի նաև Պաղեստինի ներկայացուցիչների հետ։
«Նրանք ինքները պետք է մեզ հետ խոսելու ցանկություն ունենան։ Դա լավ սկիզբ կլիներ»,- պաղեստինցի պաշտոնյաների մասին ասել է Պոմպեոն։