Արգենտինայի Միջազգային հարաբերությունների խորհրդում (Consejo Argentino Para Las Relaciones Internacionales, CARI) մարտի 14-ին տեղի է ունեցել Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի բանախոսությունը՝ «Հայաստանը՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական միություն» թեմայով:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ելույթի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է երրորդ երկրների համար Հայաստանի միջոցով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հեռանկարները, ինչպես նաև ներկայացրել է ԵԱՏՄ նախագահության շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները և տնտեսական զարգացման բնագավառում Հայաստանի կառավարության տեսլականը:
Բանախոսությանը հետևել է հարց ու պատասխան՝ ազատ առևտրի պայմանագրերի կնքման պրակտիկայի, ինչպես նաև` Հայաստանի որոշ անմիջական հարևանների հետ երկկողմ հարաբերությունների բացակայության պարագայում առաջացող խոչընդոտների և Սիրիայում հակամարտության և տարածաշրջանում տեղի ունեցող այլ գործընթացների՝ Հայաստանի վրա ազդեցություն ունենալու առնչությամբ: