Թերթը գրում է, որ չնայած ամառվա տապին՝ գրեթե բոլոր քիչ թե շատ դերակատարում ունեցող կուսակցություններում այս օրերին խաղաղ չէ.
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները սրել են ներկուսակցական ինտրիգները: Այս օրերին Հայ հեղափոխական դաշնակցությունն է Ծաղկաձորում ժողով անում, որի ժամանակ ընտրվելու է ՀՅԴ բյուրո՝ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմին»:
Թերթի տեղեկություններով՝ Ծաղկաձորում բուռն վեճերով ու տարաձայնություններով դիսկուսիաներ են ընթանում.
«Իսկ ժողովին չմասնակցող կուսակցականները սրտատրոփ սպասում են ժողովի արդյունքներին, թե որ թևը կհաղթի՝ քոչարյանակա՞ն, թե՞ սերժական: «ժառանգությունը» ևս կազմալուծված վիճակում է: Րաֆֆի Հովհաննիսյանի շաբաթօրյա հավաքներն Ազատության հրապարակում գեղամեջի ժողովներ են հիշեցնում, իսկ կուսակցության վարչությունը նիստեր գրեթե չի անում. իրենց անելիքը չգիտեն»,- հավելում է «Հրապարակ»-ը։