Իրանը կարող է վերանայել իր պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանային տերությունները շարունակեն ֆինանսավորել իրենց միջուկային ծրագրերը: Այդ մասին մարտի 13-ին հայտարարել Է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
«Տարածաշրջանային տերություններից մի քանիսն օգտագործում են նավթադոլարները, որպեսզի միջուկային նախագծեր ներառեն իրենց օրակարգում: Դա սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը և կարող Է հանգեցնել ավելի ահավոր ճգնաժամի, քան ահաբեկչությունն ու «Իսլամական պետությունը»,- Fars գործակալությունը մեջբերել է Շամխանիի խոսքը: Նա հավելել է, որ «նման փոփոխությունները նոր սպառնալիքներ են ստեղծում, որոնք անհանգստացնում են Թեհրանին»: «Ելնելով նոր սպառնալիքների բնույթից ու աշխարհագրությունից, մենք կվերանայենք մեր ռազմավարությունը, որով ղեկավարվում են զինված ուժերը»,- ընդգծել է նա: Փետրվարի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդես էր եկել Սաուդյան Արաբիայում ատոմային էլեկտրակայաններ կառուցելու ամերիկյան ընկերությունների պլանների քննադատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: