Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կրիտիկական պահին Հայաստանը կունենա երկու կառավարություն՝ Երևանում և Ստեփանակերտում

«Եթե Հայաստանի ղեկավարությունն այնպիսի փոխզիջումներ անի Ղարաբաղի հարցում, որոնց դեմ լինի հայերի մեծամասնությունը կամ առնվազն պասիոնար փոքրամասնությունը՝ կարող է ստացվել այնպես, որ երկրում ոչ թե մեկ, այլ երկու կառավարություն լինի՝ Երևանում և Ստեփանակերտում։ Եվ Ստեփանակերտում նստող կառավարության ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա այդ ժամանակ ավելի մեծ կլինի, քան Երևանում նստող կառավարության ազդեցությունը։ Ի միջի այլոց, հենց այդպես եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին շրջանում»։

Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած վերջին հանդիպումից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, թե նախարարները համաձայնել են, որ «անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովուրդներին (կամ բնակչություններին,- (Ա Ս) խաղաղության նախապատրաստելու համար», խաղաղության և պատերազմի հարցի շուրջ քննարկումները, բանավեճերը նկատելիորեն ակտիվացան Հայաստանում։ Թեև այս ուղերձը առնվազն Հայաստանում միանշանակ չընդունվեց, քանի որ չհստակեցվեց՝ ինչ քայլերով են կողմերն առաջարկում իրենց ժողովուրդներին նախապատրաստվել հասնել խաղաղության և ո՞ր ծրագրի շրջանակներում։ Բնակչություններին «խաղաղության նախապատրաստելը» հիմնախնդրի կարգավորման կոնկրետ ծրագրի բաղադրիչների՞ց է, թե՞ խոսքը խաղաղության համար նախադրյալներ ստեղծելու, ատելությունն ու թշնամանքը վերացնելու մասին է։ Ավելի ուշ արտգործնախարար Զ․ Մնացականյանը լրագրողներին ասաց, թե «չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք հստակ ձևավորված բանաձևեր, թե ինչպես դա իրականացնել, բայց այն, որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, դա միանշանակ է»։

Ամեն դեպքում, շատերը սրա մեջ լուրջ վտանգ տեսան, քանի որ Բաքուն առաջվա պես շարունակում է իր ագրեսիվ, ատելության ու թշնամանքի քաղաքականությունը հայության հանդեպ ու որևէ քայլով ցույց չի տվել, թե պատրաստ է փոխել իր դիրքորոշումը, հրաժարվել պատերազմի հռետորաբանությունից և հայկական կողմի հետ փնտրել ճանապարհներ դեպի իրական ու երկարատև խաղաղություն։ Ու թերևս կարիք չկա բացատրելու, որ պատերազմի ու հակառակորդի ագրեսիայի պայմաններում խաղաղության պատրաստվելը, մեղմ ասած, խելամիտ չէ։ Բացի դրանից՝ կա մեկ այլ կարևոր հանգամանք։ Շատ փորձագետներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ ասում են, որ հայ ժողովուրդն առանց այդ էլ խաղաղասեր է, մեզանում չկա «հակաադրբեջանական փսիխոզ»՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Իրական խնդիրը Ադրբեջանի քաղաքականության և անզիջում մոտեցման մեջ է։ Ուստի միակ տարբերակը խաղաղությունն Ադրբեջանին պարտադրելն է, անել այնպես, որ Ադրբեջանը համոզվի, որ այլընտրանքային ճանապարհով՝ պատերազմի միջոցով չի կարող հասնել խնդրի լուծմանը։

Ուկրաինացի հեղինակավոր վերլուծաբան, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը, որ մեր նախորդ հարցազրույցում ասել էր, թե Հայաստանում պիտի վերջապես սկսվի բանավեճ պատերազմի և խաղաղության մասին, պիտի բանավեճ սկսվի այն հարցերի շուրջ, թե ի՞նչ անել Ղարաբաղի հետ, ինչպե՞ս պետք է լուծվի Ղարաբաղի հարցը, Ղարաբաղը պետք է հանձնե՞լ, թե՞ պահել, միացնել Հայաստանի՞ն, թե՞ թողնել անկախ պետություն և այլն, այժմ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասում է, որ առայժմ չի տեսնում հիմնախնդրի կարգավորման այնպիսի տարբերակ, որը կգոհացնի թե՛ Հայաստանին, թե՛ Ղարաբաղին և թե՛ Ադրբեջանին։ Սակայն վերլուծաբանը պատկերացնում է, թե որ ճանապարհով կարելի է հասնել դրան։ Ըստ նրա՝ նախկին ԽՍՀՄ-ի և նախկին Հարավսլավիայի տարածքում գոյություն ունեցող կոնֆլիկտները կարող են հանգուցալուծվել միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների արմատական վերանայման, վերակառուցման, ինչպես նաև Ռուսաստանի համաշխարհային ազդեցության թուլացման պարագայում։ Պորտնիկովի կարծիքով՝ քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պրոցեսում ներգրավված երկու ուժային կենտրոնները՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, առճակատման մեջ են իրար հետ, հիմնախնդիրը չի լուծվի, քանի որ հակամարտող կողմերից մեկը կարող է խուսափել, ասենք, ամերիկացիների պարտադրած փոխզիջումից՝ հենվելով Ռուսաստանի վրա։

«Ղարաբաղի հարցի պարագայում անհրաժեշտ է, որպեսզի Արևմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը խաղան նույն թիմում»,- կարծում է ուկրաինացի փորձագետը։

– Պարոն Պորտնիկով, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում ընթացող այս քննարկումներին, բանավեճերին։

– Կարծում եմ՝ ձեր նախաբանում արդեն իսկ կա ձեր հարցի պատասխանը։ Մի բան է, երբ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պարզապես խոսում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին, մի բան է, երբ ոչ պաշտոնական հանդիպումներ են տեղի ունենում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, և բոլորովին այլ բան է խաղաղության գործընթացի կոնկրետությունը։ Նման իրավիճակներում խաղաղությունը միշտ էլ փոխզիջումն է։ Եվ այստեղ ծագում է հաջորդ հարցը, թե ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ Հայաստանը և ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ Ադրբեջանը։ Կողմերն ուզում են խաղաղությո՞ւն, թե՞ հաշտություն։ Եվ որքանո՞վ Ադրբեջանում պատրաստ կլինեն նորմալացնել, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե վերջինս վերադարձնի այսպես կոչված՝ անվտանգության գոտին, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքը դուրս մնա Ադրբեջանի վերահսկողությունից։ Որքանո՞վ Հայաստանում պատրաստ կլինեն համաձայնել անվտանգության գոտին վերադարձնելուն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դեպքում Ղարաբաղի ռազմավարական խոցելիությունը ակնհայտ կդառնա։ Որքանո՞վ է մեծ վստահությունը ադրբեջանական կողմի հանդեպ և ինչպե՞ս դա կընդունի Ադրբեջանի հասարակությունը։ Ես խոսում եմ փոխզիջման առաջին, ամենասկզբնական ասպեկտների մասին։

Բայց եթե մենք առաջ շարժվենք և շոշափենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա այստեղ էլ կան հարցեր, որոնք շատ կարևոր են փոխզիջման տեսանկյունից՝ որքանով են երկու կողմերը պատրաստ միմյանց զիջումներ անելուն և ինչպիսին պիտի լինեն այդ զիջումները։ Եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղն իր տարածքի անբաժանելի մասն է, և խոսքը խաղաղության մասին է, ապա ինչ տեսակի զիջումներ կբավարարեն Ադրբեջանին։ Եթե Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղը տարածք է, որը պատկանում է հայ ժողովրդին, ապա որքանո՞վ են Հայաստանում պատրաստ հրաժարվել այդ պատկանելիության գաղափարից՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության փոխարեն։ Ես չունեմ այս հարցերի պատասխանը։ Եթե ես ունենայի պատասխանը՝ կասեի։

Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի պատասխանը պետք է լինի միջազգային իրավունքի արմատական վերակառուցումը՝ այս կամ այն ուղղությամբ։ Այդ վերակառուցումը պետք է լինի պատասխանը բոլոր այն հակամարտություններին, որոնք ծագել են նախկին Խորհրդային միության և նախկին Հարավսլավիայի տարածքում վերջին տասնամյակների ընթացքում։ Այն պետք է իր մեջ ներառի Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Աբխազիայի և Հարավային Օսիայի, Ղրիմի, Կոսովոյի հարցերի կարգավորումը։ Բոլոր այս հարցերը պետք է լուծվեն դրանց նկատմամբ միջազգային իրավունքի՝ նորացված, վերանայված սկզբունքների կիրառման հիման վրա։ Նման լուծման համար նախադրյալ պետք է դառնա Ռուսաստանի ազդեցության թուլացումը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, որովհետև եթե Ռուսաստանի ազդեցությունը թուլանա՝ նախաձեռնությունը կարող է ամբողջությամբ անցնել արևմտյան երկրներին։ Նրանք կարող են դառնալ միջնորդ այս վիճելի հարցերի կարգավորման գործընթացում և անվտանգության երաշխավոր։ Բայց քանի դեռ Ռուսաստանն ազդեցիկ է, շարունակելու է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային և հետհարավսլավյան տարածքներում։ Այդ պատճառով Ռուսաստանը երբեք հնարավորություն չի տա հակամարտող կողմերից մեկին պարտադրել փոխզիջում, որը ձեռնտու կլինի նաև մյուս կողմին։ Ռուսաստանը միշտ էլ ձգտելու է պահպանել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, քանի որ դա ազդեցության լծակ է Վրաստանի նկատմամբ։ Ռուսաստանը միշտ ձգտելու է պահպանել վերահսկողությունը Մերձդնեստրի նկատմամբ, քանի որ դա ազդեցության լծակ է Մոլդովայի նկատմամբ։ Ռուսաստանը միշտ ձգտելու է պահպանել Ղրիմի և Դոնբասի վերահսկողությունը, քանի որ դրանք ազդեցության լծակներ են Ուկրաինայի նկատմամբ։ Ռուսաստանը միշտ ձգտելու է պահպանել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, քանի որ դա ազդեցության լծակ է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Եվ, իհարկե, նա օդից կախված է թողնելու Կոսովոյի անկախության ճանաչման հարցը, քանի որ դա Բալկաններում իր ազդեցությունը պահպանելու կարևոր լծակ է։ Այդուհանդերձ, ես շարունակելու եմ պնդել, որ Արևմուտքի մոտեցումը այս հիմնահարցերի լուծմանը արդյունավետ կլինի և կգոհացնի հակամարտության բոլոր կողմերին։

– Բայց չե՞ք կարծում, որ Արևմուտքն այլևս չունի առաջվա միասնականությունն ու միասնական մոտեցումները կարևոր միջազգային, աշխարհաքաղաքական հարցերին։

Դուք միանգամայն ճիշտ եք՝ Արևմուտքն այսօր չունի միասնականություն, բայց այդ միասնականության բացակայության պատճառներից մեկն այն է, որ Արևմուտքում տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է պատասխանել Ռուսաստանի գործողություններին։

– Մյուս կարևոր խնդիրը Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների վատթարացումն է։ Այսօր տեսնում ենք, որ ռուսական և ամերիկյան կողմերը առճակատման մեջ են մտնում նույնիսկ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարթության վրա։ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Հոգլանդը հայտարարեց, որ այսօր բանակցությունների սեղանին դրված է «Լավրովի պլանը», իսկ ռուսական քարոզչության օգտին աշխատող փորձագետները, լրատվամիջոցները պնդում են, թե Միացյալ Նահանգներն առաջ է տանում «Բոլթոնի պլանը»։ Սա բացասաբար չի՞ ազդի կարգավորման պրոցեսի, հակամարտության միջազգային կառավարման վրա։

– Համաձայն եմ։ Ես հենց դա էլ ասում եմ, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ կարգավորման պրոցեսին ներգրավված կողմերն առճակատման մեջ են ավելի բարձր մակարդակի վրա, և այս հակամարտությունը շարունակում է մնալ ռուս-ամերիկյան դիմակայության գերին։ Բայց ես չավարտեցի իմ միտքը։ Ես ուզում էի մի պարզ բան ասել՝ ես ամենևին էլ չեմ պնդում, որ արևմտյան մոտեցումն օբյեկտիվ է՝ անկախ այն հանգամանքից՝ Արևմուտքը միասնական է, թե ոչ։ Ես պարզապես նկատի ունեմ այն, որ երբ հնարավորություն չունես հակադրվելու այդ մոտեցմանը՝ ստիպված ես լինում ընդունել խաղի կանոնները, համաձայնել առաջարկված փոխզիջմանը՝ նույնիսկ ոչ այնքան ձեռնտու։ Բայց եթե հնարավորություն կա հենվելու այլ կողմի վրա՝ այդ դեպքում կարող ես խուսափել պարտադրված լուծումից։ Տվյալ պարագայում Հայաստանը կարող է հենվել Ռուսաստանի վրա, որպեսզի խուսափի փոխզիջումից, քանի որ Ռուսաստանին պետք չէ փոխզիջում Հայաստանի կողմից։ Կամ էլ Սերբիան կարող է հենվել Ռուսաստանի վրա, որպեսզի փոխզիջումներ չանի Կոսովոյի հարցում, և ընդհակառակը՝ Կոսովոն կարող է հենվել Միացյալ Նահանգների վրա, որպեսզի փոխզիջումներ չանի Սերբիային։ Պարզապես այդ դեպքում հիմնախնդիրը չի լուծվի, քանի որ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է ոչ թե հակամարտության կողմերի, այլ բոլոր ուժեղ խաղացողների ընդհանուր քաղաքական կամքը։ Այսինքն՝ Ղարաբաղի հարցի պարագայում անհրաժեշտ է, որպեսզի Արևմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը խաղան նույն թիմում։

– Բայց չգիտես՝ ինչու որոշ շրջանակներում նկատվում է որոշակի լավատեսություն, որ հիմնախնդրի կարգավորման հարցում կարող է առաջընթաց լինել։

– Ես կասեմ, թե որտեղից է գալիս այդ լավատեսությունը։ Այդ լավատեսությունը կարող է կապված լինել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ։ Հայաստանը տասնամյակներ շարունակ ղեկավարում էին ղարաբաղյան ծագում ունեցող մարդիկ, որոնց համար Ղարաբաղի ապագայի հարցը նույնիսկ ավելի կարևոր էր, քան Հայաստանի ապագան։ Իսկ հիմա Հայաստանը ղեկավարում են հայաստանյան ծագում ունեցողները, որոնք կարող են պայմանականորեն տարանջատել հայկական հարցը ղարաբաղյան հարցից։ Եվ բացի դրանից՝ Հայաստանի նոր իշխանություններին պետք է շատ արագ իրենց ընտրողներին ցույց տան ինչ-որ արդյունքներ, ձեռքբերումներ, այլապես նրանք կկորցնեն իրենց ընտրողների աջակցությունը։ Բայց ես կարծում եմ, որ դա սխալ գնահատական է՝ հետևյալ պատճառով․ երբ այդպես են մտածում Բաքվում, մոռանում են, որ ադրբեջանական հասարակությունը շատ ավելի քիչ է ազդում իր իշխանության ապագայի վրա, քան հայ հասարակությունը՝ իր իշխանության վրա, ուստի Հայաստանի ոչ մի վարչապետ չի կարող լուրջ զիջումներ անել Ադրբեջանին, քանի որ շատ արագ կկորցնի ժողովրդի աջակցությունը։

– Թեև Հայաստանում այսօր այնպիսի անառողջ մթնոլորտ է Ղարաբաղի հարցի շուրջ, որը հիմնականում խրախուսվում է նախկին վարչակարգի հետ կապ ունեցող ուժերի, լրատվամիջոցների կողմից։ Բոլորը խոսում են ինչ-որ «դավադրությունների» ու «Ղարաբաղը հանձնելու» մոտալուտ ծրագրերի մասին։ Բայց մենք չենք տեսնում որևէ խելամիտ փաստ կամ նշան, թե ինչու և ինչպես կարող է Փաշինյանը «հող հանձնել»։

Ես նույնպես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու և ինչպես նա կարող է դա անել։ Ավելի կարևոր է մեկ այլ հարց։ Կա շատ լուրջ վտանգ՝ եթե Հայաստանի ղեկավարությունն այնպիսի փոխզիջումներ անի Ղարաբաղի հարցում, որոնց դեմ լինի հայերի մեծամասնությունը կամ առնվազն պասիոնար փոքրամասնությունը՝ կարող է ստացվել այնպես, որ երկրում ոչ թե մեկ, այլ երկու կառավարություն լինի՝ Երևանում և Ստեփանակերտում։ Եվ Ստեփանակերտում նստող կառավարության ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա այդ ժամանակ ավելի մեծ կլինի, քան Երևանում նստող կառավարության ազդեցությունը։ Ի միջի այլոց, հենց այդպես եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին շրջանում։ Ու քանի որ Ստեփանակերտի կառավարության ազդեցությունն ավելի մեծ էր ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տեսանկյունից, դրա շնորհիվ հաջողվեց իշխանությունից հեռացնել Տեր-Պետրոսյանին և երկար տարիներով իշխանության բերել սկզբից Քոչարյանին, ապա՝ Սերժ Սարգսյանին։ Եվ սա այն փաստն է, որը մինչև վերջ հաշվի չի առնվում ո՛չ Բաքվում, ո՛չ էլ նույնիսկ Մոսկվայում։ Ընդունված է կարծել, որ կա ուժի մի կենտրոն Երևանում, իսկ Ստեփանակերտի ուժի կենտրոնը պարզապես պայմանական ինքնավար հանրապետության կենտրոնն է։ Բայց դա այդպես չէ։ Իրավիճակի կրիտիկական սրման պահին Հայաստանն ունենում է երկու կառավարություն։ Դուք դա ինձնից էլ լավ գիտեք։

– Բայց հետաքրքիրն այն է, որ թեև տարաձայնությունները Հայաստանի նոր քաղաքական էլիտայի և ղարաբաղյան էլիտայի միջև հիմա ավելի ակնհայտ են դարձել, Փաշինյանը ընդգծված կերպով շեշտը դնում է բանակցություններում Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության բարձրացման վրա՝ ասելով, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին։

– Փաշինյանի այդ տրամաբանությունը կարելի է հասկանալ, որովհետև եթե Բաքվի հետ բանակցություններին մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները՝ այդ դեպքում հիմնախնդրի լուծման համար պատասխանատվությունը բաժանվում է Երևանի և Ստեփանակերտի միջև՝ տարբեր աստիճաններով, և միշտ էլ կարելի է ասել՝ ղարաբաղցիներն իրենք համաձայնվեցին նման լուծմանը։ Եվ եթե սխալ թույլ տրվի՝ դա կլինի համատեղ սխալ։ Պարզ է, որ Բաքուն դրան չի համաձայնվում ու չի համաձայնվի, քանի որ բանակցություններին Ստեփանակերտի ներկայությունը Լեռնային Ղարաբաղին վերածում է ինքնուրույն քաղաքական միավորի, ոչ թե «հայկական օկուպացիայի գոտու»։ Ադրբեջանի շահերի տեսանկյունից ձեռնտու է այդ տարածքը դիտարկել որպես «հայկական օկուպացիայի գոտի», ոչ թե Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնուրույն կամարտահայտման գոտի։ Սա երկրորդ հանգամանքն էր։

Եվ կա երրորդ հանգամանքը։ Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը՝ որպես պաշարված ամրոցի, բացառում է այնտեղ լիարժեք ժողովրդավարության գոյություն։ Լեռնային Ղարաբաղը կարող է գոյություն ունենալ կա՛մ որպես տարածք, որն ամբողջությամբ ենթարկվում է Հայաստանին և չունի ինքնուրույն քաղաքական կամք, – բայց Ղարաբաղն այդպիսին չի եղել ի սկզբանե և չի կարող լինել՝ հասկանալի պատճառներով, – կա՛մ էլ իբրև տարածք՝ ռազմական ավտորիտարիզմի բնական տարրերով, քանի որ դա տարածաշրջան է, որն անդադար պատրաստվում է պատերազմի։ Ամրոցը պետություն չէ և այն գոյության իր օրենքներն ունի։ Ուստի, երբ դուք խոսում եք մեկ միասնական ժողովրդի մասին, պիտի հասկանաք, որ մեկ միասնական ժողովուրդը գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ այդ ժողովուրդը քաղաքական մեկ ընդհանուր ճակատագիր, վտանգի, սպառնալիքի միևնույն մակարդակ և ապագայի միևնույն տեսլականն ու հեռանկարն ունի։ Երբ ինքը Հայաստանն է ավտորիտար պետություն՝ ինչպիսին էր Քոչարյանի և Սարգսյանի օրոք, այդ տարբերությունն այնքան էլ նկատելի չէ։ Բայց հենց որ Հայաստանը դառնում է ժողովրդավարական, անմիջապես ակնհայտ են դառնում իր և Ղարաբաղի տարբերությունները, որովհետև եթե Ղարաբաղն իրեն թույլ տա ժողովրդավարության այն նույն մակարդակը, ինչն իրեն թույլ է տալիս Հայաստանը, դա կազդի իր մարտունակության վրա։ Այսպիսին է իրականությունը։ Անշուշտ, պարզ է, որ Լեռնային Ղարաբաղը քաղաքականապես, տնտեսապես, ռազմականապես սերտորեն կապված է Հայաստանի հետ, բայց որքան էլ պարադոքսալ թվա՝ Հայաստանը չի կարող փոխել այնտեղ իշխանությունը։ Օրինակ՝ Մոսկվան շատ մեծ դժվարությամբ փոխեց իշխանությունը Աբխազիայում և Մերձդնեստրում, թեև թվում է, թե այդ տարածքները վերահսկվում են Ռուսաստանի կողմից։ Իսկ Հայաստանը չի կարող փոխել Ղարաբաղի ղեկավարությանը։ Հասկանո՞ւմ եք։ Ինչքան էլ Ղարաբաղը կախված է Հայաստանից, այնուամենայնիվ, Երևանը չի կարող փոխել ղեկավարությանը Ստեփանակերտում։ Իսկ այն, որ Ստեփանակերտը կարող է փոխել Հայաստանի ղեկավարությանը, դա մենք արդեն տեսել ենք։

– Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը շատ ազդեցիկ էր։ Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, այլ ազդեցիկ գործիչներ դաշինքի մեջ էին Հայաստանի իշխանության մի թևի՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, «ուժային» նախարարների հետ․․․

– Ես դա գիտեմ, չեմ վիճում։ Բայց ես հարց եմ տալիս՝ կարո՞ղ է Հայաստանի ղեկավարությունը փոխել Ղարաբաղի ղեկավարությանը։

– Թավշյա հեղափոխությունից հետո շատ ուժեր են բարձրացրել այդ հարցը՝ ասելով, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը պետք է արտացոլվի նաև Արցախում։ Որոշ ուժեր, օրինակ՝ «Սասնա ծռերը», ասում են, թե դա պետք է արվի հեղափոխական ճանապարհով։ Վարչապետ Փաշինյանն ավելի շատ կողմ է հերթական ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը։ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։

– Այդ դեպքում մենք կվերադառնանք այս խոսակցությանը Ղարաբաղում տեղի ունենալիք ընտրություններից հետո, երբ տեսնենք, թե ինչպիսի հարաբերություններ կձևավորվեն Ստեփանակերտի ու Երևանի միջև այդ ընտրություններից հետո։ Կտեսնենք, թե որքանով իրար մոտ կլինեն Ղարաբաղի նոր ղեկավարության և Հայաստանի նոր ղեկավարության շահերը։ Հիմա շատ դժվար է ասել։

– Վերադառնանք բանակցային գործընթացին։ Փաշինյանն ասում է, որ քանի դեռ բանակցությունների ձևաչափը չի ճշտվել, շփումները ադրբեջանական կողմի հետ չեն կարող համարվել պաշտոնական բանակցություններ։ Նշանակում է՝ բանակցություններ չեն լինի և խաղաղության գործընթացը չի՞ շարունակվի։

Այո, կարելի է այդպես ասել։

– Դուք հարց բարձրացրիք, թե ինչ փոխզիջումների է պատրաստ Ադրբեջանը և ինչ փոխզիջումների կարող է գնալ Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պատասխանել է այդ հարցին ու կրկնել մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրախորհրդարանում վերջերս ունեցած իր ելույթի ընթացքում՝ ասելով, որ ինքը նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարել էր՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդների, թե՛ Ադրբեջանի ժողովրդի համար, բայց ադրբեջանական կողմը որևէ կերպ չարձագանքեց դրան։ Այնպես որ, Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ասել է, որ սկզբունքորեն պատրաստ է փոխզիջումների։

– Ես առայժմ չեմ պատկերացնում, թե հակամարտության կարգավորման ինչ տարբերակ կա, որ կարող է ձեռնտու լինել, բավարարել բոլոր կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Ղարաբաղին։

– Բայց չէ՞ որ հարցը սկզբունքային մոտեցման մեջ է։ Հայաստանի ղեկավարը հրապարակայնորեն ասում է, որ, ըստ էության, մենք պատրաստ ենք փոխզիջումների վրա հիմնված կարգավորման։ Իսկ Ադրբեջանը շարունակում է կրկնել, թե «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է», և իրենք պատրաստ են ինքնավարություն տալ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի սահմանների շրջանակում։

– Ադրբեջանը վստահ է, որ որքան ինքը հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների և, մասնավորապես, տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, այնքան իր դիրքերն ուժեղ կլինեն, և եթե նահանջի այդ իրավունքից՝ իր դիրքերն անմիջապես կթուլանան։ Եվ Հայաստանում չեն կարողանում այս պարզ բանը հասկանալ։ Ադրբեջանը կարծում է, որ կարող է լուծել Ղարաբաղի հարցը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, այսինքն՝ իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի վրա։

– Ներեցեք, բայց միջազգային իրավունքի և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընդունված կարևորագույն սկզբունքներից ու պարտավորություններից մեկն այն է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, և Ադրբեջանը ստանձնել է այդ հանձնառությունը Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում։
– Ես չեմ վիճում, ես պարզապես ասում եմ, թե ինչ պատրանքներ կարող են լինել Բաքվում։

– Ամեն դեպքում Բաքվի տրամաբանությունն անհասկանալի է։ Այնպես չէ, որ Ադրբեջանը վստահ է, թե կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով, բայց փոխզիջումներ անելու պատրաստակամություն էլ չի հայտնում։

– Բաքվի տրամաբանությունն իրականում շատ պարզ է։ Ակնհայտ է, որ այսօր այդ տարածքն Ադրբեջանին պետք չէ, իսկ հակամարտության պահպանումը լիովին բխում է իշխող վարչակարգի շահերից, քանի որ դրա շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը կարողանում է համախմբել հասարակությանն իր շուրջ և լուծել ներքաղաքական խնդիրներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում