Ամերիկյան The National Interest պարբերականում հրապարակվել է Կարնեգիի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի «Ռուսաստանն ու Վրաստանը. Նորից» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Հունիսի սկզբին վրացական կառավարությունը բարձրաձայն հայտարարեց, որ բացահայտել և կասեցրել է Ռուսաստանի կազմակերպած մի շարք պատրաստվող ահաբեկչություններ։ Աբխազական իշխանություններն էլ վրացական կողմին մեղադրեցին իրենց տարածքում մի շարք արշավներ իրականացնելու մեջ։
Ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի համար շահավետ չէ միմյանց դեմ պատերազմելը։ Վրացական կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական երկրի կառուցման և օտար ներդրումների ներգրավման վրա, որոնց ծավալը վերջին երկու տարիներին նվազել է։ Ռուսաստանը Վրաստանից պահանջում է համագործակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) իր անդամակցության և 2014 թվականին Վրաստանից ոչ հեռու ընկած Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի հանգիստ անցկացման հարցերում։
Մինչ վերջերս հարաբերությունների զարգացման գործընթացում դրական միտում էր նկատվում։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից մեկ տարի անց եկավ իրադարձություններով հագեցված 2009 թվականի ամառը, երբ Սպիտակ տունը սկսեց ակտիվորեն մասնակցել իրավիճակի կայունացմանը։ Դրանից հետո Մոսկվան ու Թբիլիսին սկսեցին գործել մեծ պատասխանատվությամբ։ Օբամայի վարչակարգի «վերաբեռնման» քաղաքականությունը հնարավորություն ընձեռեց Ռուսաստանը դարձնել ավելի կանխատեսելի, իսկ Վրաստանը՝ ավելի անվտանգ։
Ի՞նչ է թաքնված ահաբեկչությունների նախապատրաստման նոր մեղադրանքների ետևում։ Քանի որ խոսքը Կովկասի մասին է, տարբերակները կարող են լինել մի քանիսը.
ա) Ռուսական կառավարությունը կանգնած է դրանց կազմակերպման ետևում։ Մենք պետք է նկատի ունենանք, որ սովորաբար հաշվի չի առնվում այն, որ այդ մեղադրանքները կարող են ճշմարիտ լինել։ Վրացիները ներկայացրել են որոշակի ապացույցներով հաշվետվություն։ Օրինակ՝ եվրոպական դիտարկման հանձնաժողովը հոկտեմբերին բազմիցս հեռախոսազանգեր է ստացել երկաթգծում պայթյունի մասին։ Պայթյուն տեղի չի ունեցել, սակայն մի քանի օր անց չպայթած սարքը հայտնաբերվել է երկաթգծում։
Ինչո՞ւ է դա անհրաժեշտ ռուսներին։ Որովհետև ռուս պաշտոնատար անձինք որոշել են ապակայունացնել Վրաստանում տիրող իրավիճակը և անկարգություններ հրահրել։ Եթե դա այդպես է, ապա նրանք չեն հասկանում գլխավորը. որ այդպիսի բաները ուժերին միայն միավորում են ոխերիմ թշնամի Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ։
բ) Վրացական կառավարությունն ինքն է հեղինակել այդ ահաբեկչությունները։ Դրանց նկատմամբ Թբիլիսիի առաջին արձագանքը լի է թերահավատությամբ։ Իշխանամետ ԶԼՄ-ները ողջ վերջին տարվա ընթացքում լի էին «ռուսական գործակալների» մասին պատմություններով, որոնց մեծ մասն առնչվում էր վրացական ընդդիմության անդամներին։ Հետագայում գրանցվեց 2010 թվականի խաղաղությունների պատերազմը, երբ «Իմեդի» հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց ռուսական հարձակման մասին, ինչը պարզվեց անպատասխանատու կատակ էր։
Ամենաաղմկահարույց միջադեպ գրանցվեց նախագահական նախընտրական կամպանիայի ժամանակ՝ 2008 թվականի հունվարին, Աբխազիայի հետ սահմանին ընկած Խուրչա գյուղում։ Ընտրողներին փոխադրող ավտոբուսը գնդակոծվեց, մի կին վիրավորվեց։ Իշխանամետ հեռուստաալիքը հարձակման համար մեղադրեց աբխազներին ու ռուսներին։ ՄԱԿ-ի գործչի հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ դա կազմակերպել էին վրացական հատուկ ծառայությունները։
գ) Ամեն ինչի ետևում կանգնած է ռուսական հետախուզական ծառայությունը։ Անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ) անսահմանափակ իշխանություն ունի Հարավային Օսիայում և ուժեղ ազդեցություն Աբխազիայում։ Հնարավոր է՝ տեղական գաղտնի ծառայությունների հետ համատեղ աշխատանքը հնարավորություն է ընձեռել Վրաստանի տարածքում իրականացնել ահաբեկչություններ։
Ինձ համար ամենաիրատեսական տարբերակը սա է։ Եթե ահաբեկչություններն իսկապես պլանավորվել են Ռուսաստանում, ապա վրացական կառավարության համար խելամիտ կլիներ ընդհանրապես չխոսել դրանց մասին, հանգիստ տեղեկացնել արևմտյան երկրներին և սպասել։ Ինչպես ընդունված է, օտարները խառն ազդանշաններ կստանային «մեր երկիրը վտանգի տակ է», «Ձեզ խնդրում ենք ներդրում ունենալ Վրաստանի կայունության մեջ»։
Միևնույն ժամանակ, օտար ներդրումների վերջին ծավալը պարզապես հիասթափեցնում է։ 2011 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշն ավելի լավ է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ, սակայն ներդրումների աղբյուրներ հանդիսացող Կիպրոսը, բրիտանական Վիրջինյան կղզիները, Մեծ Բրիտանիան գտնվում են ոչ նույն վիճակում։ Վրաստանը պետք է կենտրոնանա նրա վրա, որ երկրի տնտեսությունը կարգի բերի և քիչ ժամանակ հատկացնի ամեն ինչում թշնամուն մեղադրելուն»։










































