Ուկրաինացի գերծանրքաշային Վիտալի Կլիչկոն պահպանել է WBC-ի գերծանրքաշային կարգում իր տիտղոսը` հաղթելով ամերիկացի Շենոն Բրիգսին: Մրցամարտը տեղի է ունեցել Համբուրգ քաղաքի О2 World Hamburg արենայում, որը տեղավորում է 16 հազար մարդ: Մրցամարտն ավարտվել է 39-ամյա ուկրաինացու վստահ հաղթանակով: Սեփական առավելությունը հաստատելու համար ուկրաինացուն անհրաժեշտ են եղել բոլոր 12 ռաունդները, չնայած որ Բրիգսն արդեն 4-րդ ռաունդում դադարել է Կլիչկոյի համար լուրջ վտանգ լինելուց: Ի վերջո մրցավարները բացահայտ առավելությունը տվեցին Կլիչկոյին 120:107, 120:105, 120:107: Կլիչկոն հինգերորդ անգամ պաշտպանեց տիտղոսը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2008թ. հոկտեմբերին, երբ նա հաղթեց Սեմյուել Փիթերին:
Այս հաղթանակը Կլիչկոյի համար 41-րդն է ողջ կարիերայի ընթացքում: Մինչ այս պահը նա անցկացրել է 43 մրցամարտ: Բրիգսն անցկացրել է 58 մրցամարտ, հաղթել 51-ում, ոչ-ոքի արձանագրել մեկում, իսկ վեցում` պարտվել: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը: