Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Բանանց» (Երևան)-«Մետալուրգ» (Քութայիսի) առաջին հանդիպումը: Եթե խաղից առաջ մեծ էին սպասելիքները Հայաստանի փոխչեմպիոնից, ապա խաղի ընթացքում ու նրանից հետո հայ ֆուտբոլասերը միայն հիասթափություն ապրեց: Խնդիրը ոչ այնքան հաշիվն է (0:1), որն, ի դեպ, ամենևին էլ կատաստրոֆիկ չէ և կարող էր շատ խոշոր լինել, որքան մերոնց ցուցադրած խաղը, ավելի ճիշտ կլինի ասել հակաֆուտբոլը:
Վրացական թիմը սովորական, Եվրոպայի լիգայի որակավորման այս փուլի համապատասխան խաղ ցուցադրեց, իսկ «Բանանց»-ը… Շատ դժվար է հայկական թիմի ցուցադրածը ֆուտբոլ համարել: Ոչ մի համագործակցություն, առավելագույնը 3-4 ճիշտ փոխանցում, պաշտպանության կատարյալ ձախողում: Տպավորությունն այնպիսին էր, որ հայկական թիմը չգիտեր` ինչու է դուրս եկել խաղադաշտ:
Նման դեպքերում սովորաբար գլխավոր մեղավորը մարզիչն է, այս խաղը նույնպես բացառություն չէր: Եվ Ռաֆայել Նազարյանը խաղից հետո փոխանակ ընդունի իր սխալն ու ամաչելով ասի, որ պարտության գլխավոր մեղավորն ինքն էր, հայտարարում է, որ մրցակցի ֆուտբոլիստներն ավելի լավ էին պատրաստված ու արժանի հաղթանակ տարան: Իհարկե, ավելի լավ էին պատրաստված ու իսկապես արժանի հաղթանակ տարան և ամոթ կլիներ նման թիմին չհաղթելը, սակայն ո՞վ է այս ամենի մեղավորը:
«Չեմ կարող ասել, թե ինչն էր պատճառը, բայց իրոք պասիվ էինք խաղում: Կփորձենք ամեն ինչ անել հաջորդ խաղում դրական արդյունքի հասնելու համար»,- ասել է նազարյանը:
Իսկ ով կարող է ասել, եթե ոչ գլխավոր մարզիչը: Փորձելը քիչ է, գործել է հարկավոր, առնվազն ֆուտբոլ խաղալ:
Փոքրիշատե նորմալ առաջնություններում նման պարագայում կա՛մ մարզչին հեռացնում են անհապաղ, կա՛մ նրան վերջին հնարավորություն են տալիս:
Լուսանկարը` totalfootball.am-ի