Մենք խոսում ենք տնտեսական միջավայրի բարելավման մասին և ասում ենք, որ դրա համար ամենակարևոր խոչընդոտը կոռուպցիան էր, հովանավորչություն էր, կաշառակերությունն էր, որը մենք վերացրել ենք։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով, իրենց ընդդիմախոսները մեղադրում են, թե դա բավարար չէ. «Մենք դրա հետ համաձայն ենք, և որն է տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված երկրորդ քայլը. Դա տնտեսական գործոններն ավելի բարենպաստ դարձնելն է, որոնց վրա պետությունը կարող է ազդել։ Այդ գործոններից են հարկերը, մաքսերն ու հարկային ու մաքսային վարչարարությունը։ Եթե խոսենք մաքսերի մասին, ապա այստեղ խնդիրներն ավելի բարդ են, որովհետև մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում և պարզապես ինքներս մեր մաքսային օրենսգիրքը չենք կարող փոխարինել, թեև կարող ենք դիմել և ստանալ առանձին արտոնություններ։ Ինչ վերաբերում է հարկերին, դրանք մենք կարող ենք փոփոխել։ Մենք ուզում ենք ավելի բարենպաստ միջավայր, որի դեպքում ուղղակի հարկերը կնվազեն, որի արդյունքում մեկ միավորից ստացած հարկերը միգուցե կնվազեն, բայց տնտեսական միջավայրի բարելավումը հանգեցնում է նոր բիզնես միավորների ի հայտ գալուն։ Հետևաբար, մասշտաբի էֆեկտով ավելի շատ հարկային մուտքեր կարող ենք ապահովել»,-ընդգծեց պատգամավորը։