Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Ունենք նոր որակի խորհրդարան: Այստեղ երկու խումբ մարդկանց մտածողության բախում էր. մի մասը խոսում էր այն պատմության մասին, որն իրենց հայտնի է, մյուս մասը՝ այն պատմության մասին, որ իրենք պատրաստվում են ստեղծել»:
Վարչապետի խոսքով՝ չմեջբերվեց ծրագրի թերևս ամենակարևոր հատվածը՝ որ այս ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը ԱԺ ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն:
«ՀՀ վարչապետինն է թիվ 1, 3, 4, 100 պատասխանատվությունը, բայց թիվ 101-ը պատկանում է ՀՀ քաղաքացուն: Մենք ասում ենք՝ որևէ բան հնարավոր չէ փոխել առանց աշխատանքի»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրենց կառավարությունը ՀՀ քաղաքացու հավատի սիմվոլն է:
Նա նշեց. «Ի՞նչ է, բիզնեսով միայն առանձնահատո՞ւկ մարդիկ կարող են զբաղվել, ովքեր դաբրո ունեն և ունեն ախպեր ու ախպոր ախպեր, «մաֆիոզ» կապեր. քաղաքացին ո՞վ է: Եվ դուք ասում եք, թե դեմ եք սուպերվարչապետությա՞նը»:
«Չփորձեք ինձ ու իրենց դնել նույն հարթության վրա, ձեզ ու իրենց դրեք նույն հարթության վրա»,- կոշտ ձևով հակադարձեց վարչապետը՝ նշելով, թե ինչով էր մեղավոր Սերժ Սարգսյանը:
Նկատի ունենալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ Փաշինյանն ասաց. «Եթե հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք այստեղ նստած»:
Վարչապետը նշեց նաև, որ քննադատությունը դաստիարակում է, և վարչապետի համար կարևոր հատկանիշ է քննադատությունը լուռ լսելը և սեփական մտքում վերլուծելը. «Մենք ամենևին այն կարծիքին չենք, որ ինչ ասում ենք, բացարձակ ճշմարտություն է»:
Փաշինյանի խոսքով՝ քաղաքացին տարբերակ չունի՝ այս տնտեսական հեղափոխությունն էլ պիտի հաղթի և հաղթելու է. «Հոռետեսական բոլոր կանխատեսումները պահեք ձեզ: Չի՛ լինելու վատ կամ ավելի վատ, լինելու է լավ և ավելի ու ավելի լավ: Պարտվողը ես եմ անձամբ, իսկ հաղթողը ժողովուրդն է: Ես սկսում եմ իմ երկրորդ քայլարշավը՝ դեպի տնտեսական հեղափոխություն, և ով ուզում է անցնել այդ ճանապարհը, թող քայլի ինձ հետ: Եվ մենք հաղթանակով տեղ ենք հասնելու. որտեղ պետք է՝ կքայլենք ժողովրդի առջևից, որտեղ պետք է ՝ կլինենք ժողովրդի հետևորդը»:
Մանրամասները՝ տեսանյութում: